Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Սերժի Վաչոյի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա. ՀՔԾ

ՀՔԾ-ն հերքել է տեղեկությունը, թե ապօրինի հարստացման համար մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի Facebook-ի էջից:

«Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են: Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա:

Ուստի լրատվամիջոցներին հորդորում ենք իրականության հետ որևէ աղերս չունեցող նման լուրեր տարածելուց առաջ դրանց հավաստիությունը նախ ստուգել տվալ գործով վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ»- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաչագան Ղազարյանի կնոջը ևս՝ Ռուզաննա Բեգլարյանին, մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող հայտարարատու պաշտոնատար անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Ռ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ԱՎԵԼԻՆ