Հիասթափված ենք․․․ Դժգույն ֆուտբոլ և տրամաբանական պարտություն, ցավալի է․․․

Հիասթափված ենք․․․ Դժգույն ֆուտբոլ և տրամաբանական պարտություն, ցավալի է․․․

15:10 10 Սպտ, 2018

Անհամբեր սպասում էինք Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանը՝ հավատով լցված և սրտացավ Հայաստանի ազգային հավաքականի համար․․. Հասկանում էինք խաղի արժեքը, բայց կազմը տեսնելուց և 25-30 րոպե մեր հավաքականի խաղին հետևելուց հետո տպավորություն ստեղծվեց, որ կարծես սա սովորական շարքային հանդիպում է մեզ համար։

 
Խաղից 1 ժամ առաջ պարզ դարձավ, որ խմբի ամենակարևոր խաղերից մեկում մեր հիմնական կազմում չեն լինելու Լիխտեյնշտեյնի հետ հանդիպման 2 լավագույն ֆուտբոլիստները՝ Արաս Օզբիլիսն ու Մարկոս Պիզզելին։
Ապշեցնող էր․․․ Եթե նույնիսկ նրանց մոտ հոգնածություն կար, ու դա է պատճառը, հանուն կարևորագույն խաղի, կարծում ենք, որ գոնե նրացից մեկը պետք է մեկնարկային կազմում լիներ՝ թեկուզ հոգնածություն ունենալով։ Համաշխարհային ֆուտբոլում վճռորոշ խաղերում նույնիսկ վնասվածքով են խաղադաշտ դուրս գալիս ֆուտբոլիստները՝ հանուն բաղձալի արդյունքի։
 
Պարզվեց, որ մեր նոմինալ ձախ պաշտպանը լինելու է Հայկ Իշխանյանը, որը կենտրոնական պաշտպան է և, ի դեպ, որպես կենտրոնական պաշտպան՝ ստաբիլ ֆուտբոլ է խաղում, իսկ Գագիկ Դաղբաշյանը, որը, մեր կարծիքով, լավագույն հայ ձախ պաշտպանն է այսօրվա դրությամբ, մեզ պես հանդիպմանը հետևելու էր հեռուստացույցով, քանի որ չէր հրավիրվել հավաքական․․․ Նախորդ խաղում էլ ձախ պաշտպան խաղաց Արմեն Մանուչարյանը Փյունիկից, ով նախ՝ ձախ պաշտպան չէ իր ամպլուայով, երկրորդ՝ խաղային պրակտիկա չէր ունեցել գրեթե 4 ամիս մինչ այդ հանդիպումը և վերջապես երրորդ՝ մինչ այդ ոչ մի հանդիպում չէր անցկացրել Հայաստանի հավաքականի հիմնական կազմում։
 
Զարմանալի էր լսել, որ Մինասյանը Գագիկ Դաղբաշյանին չի տեսնում հավաքականում։
Լիխտեյնշտեյնի դեմ խաղից հետո ապշեցուցիչ էր Մինասյանից լսել, որ Արմեն Մանուչարյանը ավելի արագ ու մոբիլ ֆուտբոլիստ է, քան Արտակ Եդիգարյանը։
 
Ցավալի էր չտեսնել երկրպագուների պես ցավացող ու վառվող աչքեր ֆուտբոլիստների մոտ՝ իհարկե, որոշ բացառություններով։ Ցավալի էր տեսնել, որ մեր ամեն 3-րդ փոխանցումը դաշտում ուղղված էր մրցակցին, ցավալի էր տեսնել, որ Հայաստանի հավաքականը չկարողացավ արժանի ֆուտբոլ խաղալ ոչ ահեղ ու ամենևին ոչ սարսափելի մրցակցի դեմ։
 
Ցավալի էր տեսնել, որ Հենրիխ Մխիթարյանը կորել էր դաշտում, ու սա ամենևին այն դեպքը չէր, որ խաղընկերներն էին մեղավոր, Հենոն, իրոք, վատ խաղաց և ավագի ու լիդերի հատկանիշներ ցույց չտվեց այս խաղում։ Օզբիլիսի ու Մարկոսի՝ հիմնական կազմում ներկայության պարագայում միգուցե Մխիթարյանի խաղը ավելի լավ ստացվեր, բայց դա չի արդարացնում ֆուտբոլիստի վատ խաղը։
 
Մխիթարյանը միշտ էլ թիմից կախված ֆուտբոլիստ է եղել իր կարիերայում և հազվադեպ է իր թիմերում լիդեր եղել՝ իհարկե որոշ բացառություններով, և բնական է՝ անհույս էր սպասել, որ նա թիմին տանելու է իր հետևից, մանավանդ Լիխտեյնշտեյնի դեմ հանդիպման հետխաղային հարցազրույցում նրա խոսքերից հետո։ Մխիթարյանը բազմիցս է նշել, որ իրեն համարում է շարքային թիմային ֆուտբոլիստ և հասկացրել՝ որպես առաջնորդ չի ցանկանում լինել։
Ցավալի է միշտ նույն պատկերը տեսնել Հայաստանի հավաքականի արտագնա հանդիպումներից շատերում։ Անտրամաբանական 11 մետրանոց, փոխանցումների խոտանի խայտառակ մեծ տոկոս ու դաշտում կռվող ընդամենը մի քանի ֆուտբոլիստ։
 
Մեր խաղացած ֆուտբոլը այնքան վատն էր, որ Մակեդոնիան առանց մեծ ճիգեր գործադրելու հաղթեց մեզ՝ ոչ մի բանով չզարմացնելով։
 
11 մետրանոց մենք նույնպես կարծում ենք, որ չկար, բայց դա ամենևին չի արդարացնում մեր հավաքականի դժգույն, անատամ խաղը։ Եթե պարտվեինք՝ լավ ֆուտբոլ ցուցադրելով, կռիվ տալով, այսքան ցավոտ չէր լինի պարտությունը, և գլուխներս բարձր կարող էինք ասել, որ լավ խաղացինք ,բայց դա մեր օրը չէր․․․ Սակայն սա այդ դեպքը չէր․ Հայաստանի հավաքականը անօգնական տեսք ուներ, ու դրա մասին է խոսում ֆուտբոլային ողջ հանրությունը։
Ցավալի էր 90-րդ րոպեին տեսնել՝ ինչպես է Մարկոսը վառվող աչքերով պայքարում գնդակի համար, երբ որոշ ֆուտբոլիստներ կանգնած սպասում էին մրցավարի սուլիչին․․․
 
Դաշտում կային ֆուտբոլիստներ, որոնք կռվում էին, բայց նրանք շատ քիչ էին։
Ցավոտ է տեսնել, որ պոտենցիալ ունենք, բայց այդ պոտենցիալի շատ քիչ տոկոսն է օգտագործվում տվյալ խաղում։
Ցավալի է․․․ 
Վահագն Միրզոյան
loading...