Որքա՞ն է ավելացել մաքսազերծումը եւ ինչու. մեկնաբանում է ՊԵԿ նախագահը

Որքա՞ն է ավելացել մաքսազերծումը եւ ինչու. մեկնաբանում է ՊԵԿ նախագահը

14:19 10 Սպտ, 2018

 

Թյուր է կարծիքը, թե «Նորֆոլկի» գործունեության դադարեցումից հետո սկսելու ենք ավելի լավ գործել. մենք ինքներս էլ ենք սովորում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Եթե մենք «Նորֆոլկի» փոխարեն նոր աշխատողներ ենք ընդունում, որոնք պետք է նրանց փոխարեն վազվզեն, պետք է համբերատար լինենք եւ մի քիչ ավելի հանդուրժող: Եթե մենք մաքսազերծողներին աջակցող վարչություն չստեղծեինք, օգնություն չառաջարկեինք, իրենց հարկային պարտավորությունները անգամներով էր ավելանալու: Մենք ցանկացել ենք անցումային փուլ ապահովենք:

Հարկերի նվազեցում հնարավոր չէ, որովհետեւ զրոյից ներքեւ չենք կարող նվազեցում կատարել: Նրանց վճարած հարկերը մենք բնորոշում ենք որպես զրոյի միջակայքում վճարված հարկեր»,-հայտարարեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ տոնավաճառների առեւտրականները նշում են, որ նախկինի համեմատ մաքսազերծման արժեքը կրկնակի աճել է, Դավիթ Անանյանն ասաց. «Նորֆոլկի» ժամանակ Չինաստանից եկած բեռները մաքսազերծվում էին 2,55 դոլար կիլոգրամի դիմաց եւ 70 ցենտ վճարվում էր «Նորֆոլկ»-ին՝ ծառայությունների դիմաց, այսինք ընդհանուր բեռի գումարը կազմում էր 3,2 դոլար: Հիմա մենք ասում ենք, որ միայն հագուստեղենի եւ կոշկեղենի համար 3,25-ի փոխարեն պետք է վճարեք 3,75 դոլար, այն էլ ձեր ընտրությամբ է, իսկ մնացածի համար պետք է կատարվի ըստ տեսականու մաքսազերծում:

Ինչու ենք այսպես ասում, որովհետեւ որոշ ապրանքատեսակների դեպքում շատ հաճախ, ըստ տեսականու մաքսային ձեւակերպումներն ավելի էժան են, քան նախկինում գործող սակագները: Մենք կարող ենք ուղղակի իրար հետ համադրենք, եթե 3,25-ը դարձել է 3,75, դա չի կարող լինել կրկնակի: Եթե դրան գումարվել է նաեւ բեռնափոխադրողի գումարը, որը նախկինի համեմատ մի փոքր բարձրացրել է իր սակագները, եթե օրենքի շրջանակներում գործելը բեռնափոխադրողների մոտ որոշակի սակագների բարձրացման է հանգեցրել, կարող է այդ 50 ցենտին գումարվել եւս ասենք 0,3 ցենտ:

Մենք հաշվարկներով ստացել ենք այնպիսի գներ, որոնց պայմաններում ըստ տեսականու մաքսային ձեւակերպում իրականացնելիս կիլոգրամի դիմաց այդքան գումար հավաքագրելով մենք կարողանալու ենք թափանցիկորեն ցույց տալ ըստ տեսականու այն բեռը, ինչ նրանք ներմուծել են:

Դրանից ներքեւի դեպքում պետք է զանազան տեսակավորումներ անել: Սա այն նվազագույնն է, որի պայմաններում կարող ենք մնալ օրենսդրության սահմաններում»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահը նշեց, որ Թուրքիայից բերված բեռների դեպքում ավելացումը 90 ցենտ է կազմել. «2,65 դոլարի փոխարեն առաջարկել ենք 3,55 դոլար, որովհետեւ հաշվարկները ցույց են տալիս, որ հենց այդ դեպքում կարող ենք մնալ օրենսդրության սահմաններում»:

 

loading...