Պատգամավոր Ֆարմանյանի քույրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. Մանրամասներ

Պատգամավոր Ֆարմանյանի քույրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. Մանրամասներ

14:13 10 Օգս, 2018

Շիրակի մարզի դատախազության բացահայտման հետքերով քննչական կոմիտեն որոշել է կալանավորել Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին, ով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Aysor.am-ին մանրամասնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն», 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացնելը»։

ՔԿ լրատվական ծառայությունից նաև հայտնեցին, որ Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու որոշումը կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա։ Այսինքն՝ պատգամավորի քույրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ 

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ Շիրակի մարզի դատախազությունն այս մասին առանձին հաղորդագրություն էր տարածել և ներկայացրել քրեական գործ հարուցելու հիմքերը։

Բանն այն է, որ Շիրակի մարզի ոստիկանության Մուշի բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ և դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Աանահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկան Ա. Խ.-ն մի ուսանողուհու ներառել են այդ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Իսկ նշված հանցավոր արարքը քողարկելու նպատակով ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

Դատախազությունից նաև հայտնել էին՝ համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ինստիտուտի 2010-2012 թթ. 2 ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել:

Անահիտ Ֆարմանյանը Հայաստանում չէ, սակայն նրա փոխարեն առաջադրված մեղադրանքներին անդրադարձել է նրա պատգամավոր եղբայրը՝ անհավանական համարելով հանցագործ եզրույթը Ֆարմանյան ազգանվանը կապելը։

loading...