Քաղաքացին մեխել էր ոտքերը նստարանին և հանդիպում էր պահանջում Փաշինյանի հետ (լուսանկարներ)

Քաղաքացին մեխել էր ոտքերը նստարանին և հանդիպում էր պահանջում Փաշինյանի հետ (լուսանկարներ)

15:45 9 Օգս, 2018

Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց, քաղաքացի Արմեն Երանոսյանը, ի նշան բողոքի, մեխել էր ոտքերը նստարանին և հանդիպում էր պահանջում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նա այդ քայլով իր բողոքն է արտահայտում իրեն աշխատանքից ազատելու դեմ:

Աշխատել է Սոթքի ոսկու հանքում:

«Թաթոյանին դիմել եմ, ազատել են անհիմն: Գնացել եմ աշխատանքի, ոչ մասնակցել եմ աշխատանքի, ո՛չ տաբել եմ ստորագրել, ո՛չ … ներկայիս տնօրենին էլ եմ դիմել, ոչ մի արձագանք չեն տալիս»,-լրագրողների հետ զրույցում մանրամասնեց քաղաքացին: 

Արմեն Երանոսյանը պատմեց, որ ունի 3 միլիոն դրամի վարկ և փորձում է տեղավորվել աշխատանքի դրանք վճարելու համար:

«Լավ է՝ պարոն Փաշինյանը տույժերի համաներում արեց: Բայց ի՞նչ անեմ, գնամ կյանքիս վերջ տամ, պրծնե՞մ»:

Քաղաքացին մանրամասնեց, որ իրեն աշխատանքից ազատել են, երբ աշխատանքից գնացել էր հոր մահվան տարելիցին գերեզմանատանը շիրմաքարի շինարարական աշխատանքներն անելու համար:

Հետո, երբ վերադարձել է, վերադասը նրանից խմիչքի հոտ է առել ու, նրա խոսքով, անհիմն ազատել աշխատանքից:

Մի քանի օր առաջ էլ նա կառավարության շենքի դիմաց ի նշան բողոքի կարել էր բերանը, ինն օր հացադուլ է արել:

Քաղաքացուն մոտեցան «Շտապ օգնության» աշխատակիցները, ներարկում կատարեցին, ապա ԱԻՆ աշխատակիցները հատուկ գործիքով հեռացրին մեխերը քաղաքացու մարմնից։

loading...