Wall Street Journal. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Wall Street Journal. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Թուրքիայի նկատմամբ

14:40 9 Օգս, 2018

ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող է սահմանել։ Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ի հոդվածագիր Դիոն Նիսսենբաումը։  Պատճառն այն է, որ պաշտոնական Անկարան հերթական անգամ մերժեց Թուրքիայում կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու ԱՄՆ-ի պահանջը։  

Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Վերջերս առողջական խնդիրների պատճառով թուրքական դատարանը բանտային կալանքի փոխարեն, Բրանսոնի նկատմամբ սահմանեց տնային կալանք։ ԱՄՆ-ն դա համարեց ոչ բավարար քայլ։

Ըստ հոդվածի հեղինակի՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց 2 թուրք նախարարների նկատմամբ, Միացյալ Նահանգներ մեկնեց թուրքական պատվիրակություն։ Այցի նպատակն էր, որ կողմերը համաձայնության գային Բրանսոնի հարցի շուրջ։ Սակայն նման բան տեղի չունեցավ, ինչն էլ ավելի է խորացնելու թուրք-ամերիկյան ճգնաժամը։  

Հաշվի առնելով վերջին թուրք-ամերիկյան անհաջող բանակցությունները, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Հեղինակը տեղեկացնում է, որ ամերիկյան կողմը թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պահանջել է անհապաղ ազատ արձակել  հոգևորականին։ 

Այդ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Դրանցից է ՆԱՍԱ-ի աշխատող ազգությամբ թուրք Սերքան Գյոլգեն։

Աղբյուր`   ermenihaber.am
loading...