Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել. Նաիրա Զոհրաբյան

Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել. Նաիրա Զոհրաբյան

13:40 9 Օգս, 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել

Օրերս հանդիպեցի մի խումբ բնապահպանների հետ: Երևանում օդի աղտոտվածությամբ պայմանավորված մի շարք քրոնիկ ծանր և մահացու հիվանդությունների աճի դինամիկան ուղղակի սարսափելի է: Սա արհավիրք է, որը պետք է անհապաղ կասեցնել: Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, ով երկար տարիներ զբաղվել է  այս խնդրով: 

Ներկայացնում եմ աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարինե Դանիելյանի կողմից արված շատ լուրջ հետազոտության ընդամենը մի քանի դրվագներ, որպեսզի պարզ լինի, թե այս աղետն ինչ զարհուրելի հետևանքներ կարող է ունենալ: Առաջիկայում նախատեսում ենք հրավիրել մեծ համաժողով ՝ այս լրջագույն խնդիրը բոլոր շահարգրգիռ կողմերի հետ քննարկելու համար:

Եվ, ուրեմն ՝ ըստ անցկացված գիտական մի շարք հետազոտությունների ՝ աշխարհում հայտնի բնական վտանգներից Հայաստանին հատուկ են շուրջ 110 տեսակի վտանգներ, իսկ բնական աղետների /հատկապես երկրաշարժերի և սելավների/ նկատմամբ  պոտենցիալ առավել ռիսկային գոտի է Երևանը: Սա ՝ վերջին տասնամյակների քաղաքի խիտ կառուցապատման, դրենաժային համակարգի խաթարման հետևանքն է: Բավականին մտահոգիչ է նաև այն, որ քաղաքը սելավներից պաշտպանող համակարգն ամբողջությամբ շարքից դուրս է բերված ` Գետառ գետը կառուցապատվել է, Ավանում և քաղաքամերձ հյուսիսային վայրում հնարավոր սելավային  ջրերը ընդունող ջրամբարները կիսով չափ կառուցապատված են, կիսով չափ ծածկված շինարարական աղբով:  Փորձագիտական հանրությանն իրավացիորեն անհանգստացնում են հատկապես անտառների հրդեհների աճը և անապատացման ռիսկերը երկրում, քանզի անապատացման ենթարկվող տարածքներում օրինաչափորեն աճում է կարիճների, օձերի քանակը, հետևաբար ՝ մարդկանց, ուստի և երեխաների խայթոցների քանակը: Այդ երևույթն  առավելապես արտահայտված է հենց Երևան քաղաքում: Լուրջ խնդիր են հանդիսանում մի շարք պոլիգոն¬ներում կուտակված տոքսիկ թափոնները։ Մասնա¬վորա¬պես, Երևանի արվարձանում, սողան¬քային գո¬տում գտնվում է թափոնների գերեզմանոցը, որտեղ պահվում են 60 անվանումով 512 տոննա թունա-քիմի¬կատներ (առավելապես ժամկետանց պեստիցիդներ):  Գերեզմանոցն ան¬հրա¬ժեշտ ձևով մեկու¬սացված չէ շրջակա միջավայրից և շատ վտանգավոր է: Վտանգավոր է նաև Երևան քաղաքի մթնոլորտային օդում կապարի պարունակությունը, որը  հասնում է 1,5-4,5 մկգ/մ3: Սա լրջագույն խնդիր է ՝ ծանր մետաղները, նորմալ կարգավորման սահմանը գերազանցող, բարձր կոնցետրացիայի դեպքում վերածվում են ֆերմենտների  ինգիբիտորների  և օրգանիզմների վրա ունենում են տոքսիկ, ալերգիկ, քաղցկեղածին  ազդեցություն: Երեխաները, որպես առավել խոցելի խումբ, առավել մտահոգության, ուշադրության և պաշտպանության կարիք ունեն նշված տոքսիկ նյութերի խիստ բացասական ազդեցությունից: 

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» մասնագիտացված հասարակական կազմակերպությունը լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացրել «Էնդոկրին քայքայիչները և դրանց վտանգը մարդու առողջության համար» ոլորտում: Գոյություն ունեն բավականին համոզիչ ուսումնասիրություններ, որոնք որոշակի հիվանդությունների աճը կապում են այդ քիմիկատների ազդեցության հետ: Թվարկեմ հորմոնալ քայքայիչների պատճառած առողջական խնդիրներից մի քանիսն ընդամենը ` բնածին արատներ. վաղաժամ ծնունդներ, մեռելածնություն, ինչպես նաև ՝ կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն, ճարպակալում, շաքարախտ: 

Երեխաները, գտնվելով առավել ռիսկային գոտում, ունեն մեր պաշտպանության կարիքը: Հայաստանում «Թույներից ազատ խաղալիքներ» ծրագրի շրջանակում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի  (AWHHE) »  ՀԿ-ի կողմից  նմուշառված 68 խաղալիքի մոտ 20 %-ը պարունակել է առնվազն 1 ծանր մետաղ, որի խտությունը գերազանցել է ՍԹԽ-ն: Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է խաղալիքներում կապարի բարձր պարունակությունը: Սնդիկի, կադմիումի և մկնդեղի պարունակությունը նույնպես առանձին նմուշներում գերազանցել է ՍԹԽ-ն: Տոքսիկ մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասն արտադրված է Չինաստանում, Թուրքիայում,  իսկ վտանգավոր խաղալիքներից երկուսը հայկական արտադրության են: Փաստերը մտահոգիչ են, քանզի երեխաներն, ամեն ինչ բերանը տանելու ցանկությամբ պայմանավորված, ենթարկվում են ծանր մետաղների լրացուցիչ ազդեցության: Ընդ որում, մտահոգիչ է, որ երեխաների մոտ տեղի է ունեցել քաղցկեղով և բնածին շեղումներով հիվանդացության զգալի աճ 1990-2014թթ. ժամանակահատվածում, թեև ընդհանուր հիվանդացությունը ֆիքսել է անկում:  Եվ, չնայած այն պարզ հանգամանքին, որ ամեն մարզ ունի ռիսկային համարվելու պատճառների իր ուրույն բնութագիրը, Երևանում, կարծես, խաչվում են գրեթե բոլոր հայտնի ռիսկերը /Նուբարաշենի տոքսիկ նյութերի գերեզմանոցը, որից տարածվում են կայուն օրգանական աղտոտիչները,  քաղաքի աղբավայրերը, ներառյալ Երևանի կենտրոնում տեղաբաշխված անվերահսկելի աղբանոցը, դրենաժային համակարգի անկատարությունը, քաղաքամերձ տարածքում և նույնիսկ կենտրոնում գործող հանքերը, որոնք շռայլորեն «մատակարարում» են քաղաքի օդային ավազանը փոշով, լանջերի անտառազրկումը/ և այդ իրավիճակը վատթարանում է անկախության տարիներին իրականացված հակաէկոլոգիական քաղաքաշինության շնորհիվ: Մասնավորապես, մեծ բացասական դեր է կատարել Կենտրոնի կառուցապատման խտացումը բարձրահարկ շենքերով, հաճախ կանաչ տարածքների հաշվին, ինչը խոչնդոտ է դարձել  օդային ավազանի ինքնամաքրման համար, սելավատար Գետառի կառուցապատումը/փակումը և համապատասխան ջրհավաք  պաշտպանիչ կառույցների վերացումը: Քննարկվող թեմայի համատեքստում հատուկ պետք է ընդգծել մի շարք դպրոցների անմիջական հարևանությամբ կանաչ գոտիների և սպորտային տարածքների հաշվին  բարձրահարկ շենքերի կառուցումը, ինչը նաև սեյսմիկ վտանգն է խորացրել այդ դպրոցների նկատմամբ:  Նշենք  նաև, որ շինանյութերի այդպիսի կենտրոնացումը հղի է ռադիոակտիվ ֆոնի բարձրացմամբ։

loading...