Մալախովի թոք շոուի ժամանակ սկանդալային մանրամասներ են ի հայտ եկել Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով (տեսանյութ)

Մալախովի թոք շոուի ժամանակ սկանդալային մանրամասներ են ի հայտ եկել Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով (տեսանյութ)

14:00 8 Օգս, 2018

Ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոք շոուի հերթական հաղորդումներից մեկը նվիրված է եղել հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած սպանության զարհուրելի դեպքին՝ 17, 18,19 տարեկան քույրերի՝ Կրիստինա, Անգելինա, Մարիա Խաչատուրյանների կողմից 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանությանը:

Հաղորդմանը հյուրընկալվել էր սպանվածի նախկին զոքանչը՝ մոլդովացի Լարիսա Տոդիկան, որը պատմել է, որ փեսան «իսկական հրեշ էր, իր դստերն ամուսնության ամենասկզբից ծեծում էր, բռնանում, ահուսարսափի մեջ էր պահում երեխաներին, նրանց սպառնում էր զենքով»:

Տոդիկան մանրամասնել է, որ «բարեպաշտ քրիստոնյայի դիմակի տակ թաքնված Խաչատուրյանն իրականում վտանգավոր մարդ էր», որը դուստրերին թույլ չէր տալիս հանդիպել մորն ու մայրական կողմի բարեկամներին:

Հաղորդման շրջանակում ցուցադրվել են սպանության վայրում ՝ Խաչատուրյանների բնակարանում արված բացառիկ կադրեր, որոնցում սպանվածի քրոջորդին՝ Արսենը, պաշտպանելով քեռուն, նկատել է, որ նա բարեպաշտ մարդ էր, խիստ հայր ու ամեն ինչում շատ պահանջկոտ էր:

Երիտասարդի պնդմամբ՝ հայրը ձգտում էր ամեն ինչով ապահովել դուստրերին և միևնույն ժամանակ պահանջում էր նրանցից անթերի վարք: Արսենի խոսքով՝ Խաչատուրյան քույրերն անպիտան էին, անհնազանդ ու բարկացնում էին հորն իրենց վարքով, փնթիությամբ: Դա ապացուցելու համար տղան ցույց է տվել բնակարանում տիրող փնթիությունը:

Այնուհետև խոսել է Խաչատուրյանների հարևաններից մեկը՝ մի տարեց կին, որի պատմելով՝ Միխայիլ Խաչատուրյանն «իսկական հանցագործ էր, որն ահաբեկում էր բոլորին»:

«Մի անգամ՝ 2013թ. ձմռանը, երբ մոտեցա Խաչատուրյանին ու խնդրեցի մեքենան այնպես կայանել, որ մարդիկ կարողանան անցնել ու շենք մտնել, նա հանեց ատրճանակն ու պահեց գլխիս»,- վերհիշել է կինը՝ հավելելով, որ ոստիկանություն է կանչել, սակայն տղամարդն իրավապահների հետ հարցերը կարգավորել է գումարով:

Հարևանուհին նաև պատմել է, որ Խաչատուրյանն առանց ամաչելու թմրանյութ էր վաճառում, ու շենքից բազմաթիվ անչափահասների թմրամոլ էր դարձրել:

Հաղորդման շրջանակում խոսել է քննչական մեկուսարանում աղջիկներին այցելության գնացած իրավապաշտպան Իվան Մելնիկովը։ Նա նշել է, որ քույրերի հետ զրույցում տեղեկացել է, որ հայրը մի անգամ նույնիսկ զենք է պահել հարևանների բողոքով իրենց տուն եկած ոստիկանների վրա, սակայն ինչպես և նախորդ դեպքերում կրկին անպատիժ է մնացել:

Թոք շոուի ժամանակ հնչեցվել է հոր՝ դուստրերից մեկին՝ Անգելինային ուղղված ձայնային հաղորդագրությունը, որում տղամարդը սեռական բնույթի գարշելի հայհոյանքներ է ասում աղջկան՝ սպառնալով նրան սեռական բռնության ենթարկել:

 

 
loading...