Վյաչիսլավ Հարությունովի խնդրանքը վարչապետ Փաշինյանին՝ Էդուարդ Բաբայանի կալանավորման վերաբերյալ

Վյաչիսլավ Հարությունովի խնդրանքը վարչապետ Փաշինյանին՝ Էդուարդ Բաբայանի կալանավորման վերաբերյալ

17:47 7 Օգս, 2018

«Իմ կողմից նման հարց չի բարձրացվել, որ պարոն Ծառուկյանը կամ Էդուարդ Բաբայանը ինձ ծեծել են։ Միջադեպ եղել է, որի մասին ես ցուցմունք եմ տվել»,- Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վյաչեսլավ Հարությունովը։

Նրա պնդմամբ՝ «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպին ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ֆիզիկապես ներկա չեն եղել։

«Ես տեղափոխվել եմ հիվանդանոց, դեղերի ազդեցության տակ եմ եղել, վերակենդանացման բաժանմունք 00։30 ինչ-որ մեկն է եկել, ինչ-որ բան է պատմում ու ասում, որ պիտի ստորագրվի, հետո՝ 4։30-ին, էլի ինչ-որ մեկն է գալիս, այդքան հրատա՞պ էր։ Առավոտյան 8-ին կնոջս են ներս թողնում, ումից իմանում եմ, թե ինչ է տեղի ունեցել: Առաջինն, ասում եմ, որ նման բան չի եղել, լրագրողներին տեղյակ պահիր, որ ինձ Ծառուկյանն ու Էդոն չեն ծեծել, ու կնոջս ուղարկում եմ Ծառուկյանի մոտ: Ես ազատամարտիկ եմ, ես այն մարդը չեմ, որ իր 30 տարվա կնոջն ուղարկի իրեն ծեծողի մոտ։ Ես կնոջս ուղարկել եմ Ծառուկյանի մոտ, մեր մեջ եղբայրական հարաբերություններ են»,-ասաց Վյաչեսլավ Հարությունովը։

Ինչ վերաբերում է իր՝ տուժողի կարգավիճակին, ապա Հարությունովն ասաց, որ ինքը չի հասկացել, թե ինչու է ճանաչվել տուժող, իսկ Էդուարդ Բաբայանը՝ մեղադրյալ։

Նրա խոսքով՝ ՀՔԾ-ում խախտվել են իր իրավունքները, ՀՔԾ այցից հետո փաստաբանին հեռացրել են վարույթից, իրեն որոշակի տեսագրություններ են ցուցադրվել, ասել են, որ դրանք կհրապարակվեն:

Դիտարկմանը, թե դրանք սպառնալիքնե՞ր են, Հարությունովը դրական պատասխան տվեց, նրա փաստաբան Վահագն Հակոբյանն էլ հավելեց, որ հարցաքննության ընթացքում իր վստահորդին տրված հարցերն իրեն օբյեկտիվորեն հիմք են տալիս ենթադրելու, որ իր վստահորդի նկատմամբ իրականացվել է  օպերատիվ հետախուզական միջոցառում:

«Մասնավորապես, կարծում եմ, որ իրականացվել է ներքին դիտում և գաղտնալսում: Հակառակ դեպքում այլ եղանակով ձեռք բերված տեսագրությունները, խոսակցությունները ուղղակի անթույլատրելի են, և քննիչը չէր կարող դրանց հղում կատարել»,- ասաց պաշտպանը:

Հարցին, թե Հարությունովը չի՞ ուզում դիմել իրավապահներին իր կարծիքով՝ իր  նկատմամբ իրականացված չարաշահումների համար, փաստաբան Էմին Խաչատրյանը, ով քննիչի որոշմամբ հեռացված է վարույթից, սակայն շարունակում է իրավական օգնություն ցուցաբերել Խաչատուրովին, ասաց. «Իմ վստահորդի հետ առանձին  հանդիպումների ընթացքում այդ բոլոր չարաշահումների մասին, նաև շանտաժի մեթոդները, որ տեսանյութեր են դրել, սպառնացել են, որ կհրապարակեն, Գագիկ Ծառուկյանը քո նկատմամբ հաշվեհարդար կտեսնի, համոզել են, որ ցանկալի ցուցմունքներ ստանան, այդ բոլոր ճնշումների վերաբերյալ  Վյաչեսլավ Հարությունովը Վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ հայտնել է, այն նիստին, երբ բողոքարկվել է Էդուարդ Բաբայանի վերաքննիչ բողոքը խափանման միջոց կալանքի վերաբերյալ»:

Հարությունովն ասաց, որ մեկ ամսից ավելի է՝ տանը շշուկով են խոսում, կնոջը հետապնդում են, իրեն գաղտնալսում են, մեքենայով հետապնդում են. «Բերեցին, սարքեցին տուժող, հիմա էլ ուզում են՝ սարքեն հանցագործ»:

Հարությունովը եզրափակելով իր խոսքը՝ խնդրանքով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարո՛ն Փաշինյան ջան, ցավդ տանեմ, ես էլ էս հեղափոխության պարագլուխներից եմ: Ես եմ Աջափնյակի, Աշտարակի շոշը փակել, ես եմ ձեր կողքին եղել միշտ, մինչև որ հաղթեցինք: Խնդրում եմ այս հարցին ուշադրություն դարձրեք, էն տղուն թողեք, թող գնա իրա տուն: Նորից մեկ անգամ էլ եմ կրկնում, որ տենց բան չի եղել, ո՛չ պարոն Ծառուկյանը, ո՛չ էլ Էդիկը ինձ վրա մատ չեն բարձրացրել»:

Մանրամասները՝ տեսանյութում

loading...