Պետնախարարը քննարկել է Արցախում արեւային էներգետիկայի հետագա զարգացումը

Պետնախարարը քննարկել է Արցախում արեւային էներգետիկայի հետագա զարգացումը

15:25 26 Հլս, 2018

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 26-ին ընդունել է Արցախում նպաստամատույց գործունեությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների՝ «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանի գլխավորությամբ։

Արցախի կառավարությունից  հայտնում են, որ հանդիպման հիմնական թեման կազմել է Արցախում ֆոտովոլտայիկ վահանակների (արեւային էներգետիկա) հետագա ծավալումն ու զարգացումը։ Արձանագրելով վերականգնվող էներգիայի այդ տեսակի սոցիալ-հումանիտար եւ բնապահպանական կարեւորությունը՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ արցախյան իշխանությունները հետայսու նույնպես պատրաստ են շարունակել ոլորտի զարգացումը մասնավոր գործընկերների հետ։

Քննարկման մասնակիցները կարեւորել են արեւային էներգիայի սպառողների հոսանքահաշվիչ համակարգերի առանձնացումը մայր ցանցից եւ հաշվարկային հստակ մեխանիզմի կիրառումը։ Դրական ընդունելով այս առաջարկը՝ պետնախարարը հյուրերին տեղեկացրել է, որ իշխանությունները նախատեսում են արդեն այս աշնանն օրենսդրական նորամուծություններ իրականացնել, որոնք Հայաստանի Հանրապետության օրինակով թույլ կտան ինքնավար արեւային կայաններ ունեցող մենատնտես քաղաքացիներին էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել «Արցախէներգո» ՓԲԸ-ին։

Հանդիպման ավարտին Գ․ Մարտիրոսյանն առաջարկել է հյուրերին ապագայում ֆինանսական միջոցների բավարար առկայության պարագայում արեւային էներգիայի զարգացման տեսանկյունից ուշադրության կենտրոնում պահել նաեւ Շահումյանի շրջանը՝ որպես վերաբնակեցված գոտի։ Ներկայումս առտնին եւ համայնքային նշանակության արեւային վահանակներ կան Շուշիի եւ Ասկերանի շրջաններում։

loading...