Առաջիկայում Ամբերդ ամրոց այցելելը կլինի տոմսով

«Ամբերդ ամրոց»-ի տարածքում գտնվող բոլոր ենթահուշարձանները, ինչպես նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որպես հուշարձան, ներառված են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող «Ամբերդ ամրոց»  արգելոցի կազմում։ 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տարածած հայտարարության մեջ նշում է.

«Կառավարության որոշմամբ՝ 2001 թ․ հուլիսի 9-ի N 616, Արագածոտնի մարզի Ամբերդի կամ այսօրվա «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում գտնվող Ս․ Աստվածածին եկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։

Այդ նույն որոշման 2-րդ կետի ա) ենթակետի համաձայն եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ պետք է կնքվեր նշված եկեղեցու հանձնման համապատասխան պայմանագիր։ Իսկ մեկամսյա ժամկետում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի համաձայն  Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է պահպանական պարտավորագիր ներկայացներ։

Նույն որոշման 5-րդ կետն էլ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված եկեղեցու հանձնման, հողատարածքների ճշտման և օգտագործման տրամադրման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովվեր գույքային իրավունքների պետական գրանցումը:

Սա նշանակում է, որ ՀՀ կառավարության N 616 որոշմամբ Ս․ Աստվածածին եկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, սակայն իրավունքի փաստի գրանցում այդպես էլ տեղի չի ունեցել։

Մյուս կողմից  ՀՀ կառավարության  541-Ն  որոշման պահանջների կատարումն ապահովելու համար իրավունքի գրանցման ժամանակ անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, որպես պարտադիր փաստաթուղթ պահանջվել է տարածքում առկա բոլոր շինությունների վերաբերյալ օրենքով սահմանված տեղեկություններ (բնութագրեր, սխեմաներ, հատակագծեր և այլն)։ Այդ պարագայում է միայն կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից գրանցվել ՀՀ մշակույթի նախարարության և ապա ՊՈԱԿ-ի իրավունքները։

Առաջիկայում  «Ամբերդ ամրոց» արգելոցում  նախատեսվում է մեկնարկել տոմսային տնտեսություն, ինչը ներառում է աշխատանքային որոշակի ռեժիմ, այդուհանդերձ ՊՈԱԿ-ը պատրաստակամ է յուրաքանչյուր դեպքում աջակցել  Հայ Առաքելական եկեղեցուն՝ Ս․ Աստվածածին եկեղեցում եկեղեցական արարողություն անցկացնելու հարցում՝ նախապես տեղեկացնելու պարագայում»։

 

 

 

ԱՎԵԼԻՆ