Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 2007–ին Սաշիկ Սարգսյանի որդու մասնակցությամբ միջադեպից

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 2007–ին Սաշիկ Սարգսյանի որդու մասնակցությամբ միջադեպից

14:45 12 Հլս, 2018

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 2007 թվականին Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է.

«2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է եկել Երեւանի բնակիչ Արթուր Ղեւոնդյանը՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ղեւոնդյանը հայտնել է, որ ատրճանակը մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 11Ա շենքի բակում գտել են ինքն ու հիվանդանոց տեղափոխված երիտասարդը։ Երբ վերջինիս ձեռքից փորձել է հրազենը վերցնել, կրակոց է արձակվել, ինչի հետեւանքով էլ երիտասարդը վիրավորվել է։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2007 թվականի ապրիլի 1-ին հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիրավորվել է ոչ թե ատրճանակից պատահաբար արձակված կրակոցի հետեւանքով, այլ նրա ուղղությամբ կրակել է Երեւանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։

Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է 2007 թվականին հարուցված քրեական գործի կարճման որոշումը։

Հարուցվել է նոր քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համագործակցությամբ, ձեռնարկված ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում Հայկ Սարգսյանին հուլիսի 4-ին հայտնաբերեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում եւ բերման ենթարկեցին գլխավոր վարչություն։

Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացվեց։

Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։

Մեղադրանքի առաջադրումից հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել նաեւ, որ 2007 թվականի ապրիլի 1-ին ատրճանակով ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած եւ դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած Արթուր Ղեւոնդյանը բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 35-ամյա Ղեւոնդյանը հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ապա՝ ներկայացվել նախաքննական մարմնին։

Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են»:

loading...