Նաիրա Զոհրաբյանը ՝ ընտանեկան բռնության խնդիրների մասին

Նաիրա Զոհրաբյանը ՝ ընտանեկան բռնության խնդիրների մասին

14:30 12 Հլս, 2018

«Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների խնդրին, որը պետք է ստեղծվեր դեկտեմբերից:

Ըստ նրա՝ այս փուլում պետք է ունենալ հստակ պայմանավորվածություններ: Բացի այդ, պատգամավորի ներկայացմամբ, խնդրահարույց է այն դրույթը, որ աջակցության կենտրոնները կարող են դիմել դատարան, իսկ դրա համար պետք է բռնության ենթարկված անձի դիմումը: «Բայց մենք շատ լավ գիտենք, որ շատ դեպքերում բռնության ենթարկված անձի վրա դատարանում կրկնակի ճնշում է կատարվում՝ դիմում չներկայացնելու համար»,-ասաց նա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ իսկապես ընտանիքում բռնությունը լուրջ խնդիր է, որքան էլ ոմանք չհամաձայնվեն և ասեն, թե դա ընտանիքի ավանդույթն է, մեր մենթալիտետն է:

Պատգամավորը ներկայացրեց 2018թ-ի վերջին 5 ամիսների վիճակագրությունը, ըստ որի՝ ընտանեկան բռնության 289 դեպք է արձանագրվել, որից 35-ով հարուցվել է քրեական գործ: Բռնության 174 դեպքերը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են եղել, 9 դեպքերը՝ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ, 26 դեպք՝ ծնողի կողմից զավակի և զավակի կողմից՝ ծնողին՝ 31 դեպք:

Նաիրա   Զոհրաբյանը իր խոսքում նշել է. «Խնդրում եմ կառավարության ներկայացուցիչներին՝ ոչ թե օրենքը ընդունել և առաջ անցնել, այլ ակտիվ գործնական քայլեր անել»:

loading...