Մարդկանց ասում ենք՝ կարող եք չվճարել, սպասել, կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները. Արփինե Հովհաննիսյան

Մարդկանց ասում ենք՝ կարող եք չվճարել, սպասել, կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները. Արփինե Հովհաննիսյան

12:15 12 Հլս, 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկը, որ եթե ներվում են մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ տռուգանքները, ապա պետք է վերադարձվեն այն վարորդների գումարները, որոնք բարեխիղճ վճարել են տուգանքները, չի ընդունվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ 2012-2017 թվականների ընթացքում ընդհանուր գումարը կազմել է 59,3 մլրդ դրամ, որից միայն 13,7 մլրդ դրամն է, որը որպես ապառք ներառված է համաներման շրջանակներում, ստացվում է, որ 40 մլրդ դրամ պետությունը պետք է վերադարձնել քաղաքացիներին, ինչը կառավարության տեսանկյունից համարվել է ոչ նպատակարմար:

Կառավարության համար անընդունելի է եղել նաեւ «Ծառուկյան» խմբակցության առաջարկը՝ համաներումը տարածել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածի վրա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի առաջարկին, որով նախատեսվում է, որ վաուչերներ բաժանվի բարեխիղճ վճարումներ կատարած վարորդներին, որ եթե հետագայում խախտում անելու պարագայում իրենք չվճարեն, կառավարությունը դա եւս անընդունելի է համարել՝ հիմնավորելով, որ դա կարծես տուգանքի կանխավճար է:

Արփինե Հովհաննիսյանն իր կողմից նշեց. «Ինչ ենք անում մենք, որ խրախուսենք իրավահպատակ վարքագիծը, ինչ ենք անում, որ այն քաղաքացիները, որոնք բարեխղճորեն եւ ժամանակին վճարում են տուգանքները, ունենա որոշակի շահագրգռվածություն, հետագայում եւս շարունակեն վճարել դրանք: Ոչ թե հակառակ վարքագիծ ենք դաստիարակում այդ մարդկանց ասելով, որ կարող եք չվճարել, որոշակի ժամանակահատված սպասել, ինչ-որ ժամանակ կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները»:

Նա նկատեց, որ բովանդակային առումով մենք չգիտենք, թե ովքեր են, որ վճարումներ չկատարելու հետ կապված սոցիալական խնդիր ունեն, եւ ովքեր են նրանք, որոնք վճարելու կարողություն ունենալով, անում են ամեն ինչ, ձեւավորում են մեխանիզմներ, որ չվճարեն այդ տուգանքները: «Օրինակ, վճարողը գույք չունի, բայց իր անունով գրանցված են մի քանի մեքենաներ: Այստեղ հավասարության վերաբերյալ մտահոգությունները ողջամիտ են»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:

Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա:

loading...