Քննարկվել են հիդրոօդերևութաբանության ժամանակակից մեթոդները

Քննարկվել են հիդրոօդերևութաբանության ժամանակակից մեթոդները

12:00 12 Հլս, 2018

Հուլիսի 10-ին Երևանում անցկացվել է կլոր սեղան՝ «Ինտեգրացված հիդրոօդերևութաբանական ցանցի, վաղ հայտնաբերման և ահազանգման համակարգերի ժամանակակից ենթակառուցվածքի և հակակարկտային ծառայության կառուցում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ «Բարոն Սըրվիսիզ» ընկերության հետ համատեղ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում առևտրի և ներդրումների մեծացմանն ուղղված հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսը, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, «Բարոն Սըրվիսիզ» կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Բրայլյանը, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության, Գյուղատնտեսության նախարարության, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի և «Լոկատոր» ՍՊԸ մասնագետներ:

Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել հիդրոօդերևութաբանական և հակակարկտային ներգործության բնագավառում ժամանակակից առաջատար տեխնոլոգիաները՝ հետագայում դրանք Հայաստանում հնարավոր ներդրման նպատակով:

Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսը և ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Վերջինս իր խոսքում ընդծեց Հիդրոմետ ծառայության կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար.

— Մեր Հիդրոմետ ծառայությունը լավագույններից է տարածաշրջանում և ապահովում է եղանակային կանխատեսումների ճշգրտության բարձր մակարդակ, որոնք կիրառվում են հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանում ներկայումս կիրառվում է հակակարկտային պաշտպանության համակցված եղանակ՝ հրթիռային, գազագեներատորային և ցանցային պաշտպանության միջոցներով, սակայն ձեռնարկվող քայլերը դեռևս թույլ չեն տալիս իրականացնել երկրի մշակովի հողատարածքների ամբողջական պաշտպանություն: Հուսով եմ, որ այս հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ հիդրոօդերևութաբանական և հակակարկտային ներգործության բնագավառում ժամանակակից ձեռքբերումներին և կխթանի Հայաստանում հիդրոօդերևութաբանական ու հակակարկտային համակարգերի արդիականացմանը:

«Բարոն Սըրվիսիզ» կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Բրայլյանը մանրամասն ներկայացրեց իրենց ընկերության, ինչպես նաև «Դանահեր» և «Մետեոմոդեմ» ընկերությունների գործունեությունը և արտադրանքը:

«Բարոն Սըրվիսիզն» առաջատար ամերիկյան ընկերություն է, որն ինտեգրված հիդրոօդերևութաբանական համակարգերի միջոցով շահառուներին է տրամադրում եղանակի վտանգավոր երևույթների վերաբերյալ տեղեկություններ, մասնագիտացված եղանակային կանխատեսումներ՝ ապահովելով ռադարային տվյալներ, հիդրոլոգիական և օդերևութաբանական մոդելավորում, վիզուալիզացիոն ծրագրեր, եղանակի կանխատեսման թվային լուծումներ և այլն:

Հանդիպումն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում: Մասնակիցները բազմաթիվ հարցեր բարձրացրեցին ներկայացվող արտադրանքի և դրանք Հայաստանում ներդնելու վերաբերյալ՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հեռակապի միջոցով քննարկում կազմակերվեց նաև «Դանահեր» և «Մետեոմոդեմ» ընկերությունների ներկայացուցիչների հետ:

loading...