Մոգերինիի կոչը ԼՂ հակամարտության կողմերին

Մոգերինիի կոչը ԼՂ հակամարտության կողմերին

11:45 12 Հլս, 2018

Եվրամիությունը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին խնդրի կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների լիարժեք մասնակցել բանակցություններին: Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումից հետո:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդիպման ընթացքում հաստատել է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Այդ համատեքստում չափազանց կարևոր է, որ կողմերը լիարժեք մասնակցեն բանակցություններին՝ առանց նախապայմանների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:

Հաղորդագրությունում նշված է որ, հանդիպմանը քննարկվել են վերջին զարգացումները և ընդգծվել է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերություններում առաջընթացը:

ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հաջորդ ընտրությունների կազմակերպմանը և դրանց մոնիթորինգին:

«Կողմերը քննարկել են բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նոր կառավարության հստակ հանձնառությունը և այդ նպատակով արդեն ձեռնարկված կոնկրետ գործողությունները: Մոգերինին հաստատել է, որ Եվրամիությունը պատրաստ է կոնկրետ աջակցություն տրամադրել բարեփոխումներին, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական օգնության տրամադրման միջոցով, և ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխման կարևորությունը»,- ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրությունում:

«Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը կազմակերպման և մոնիթորինգի հետ կապված աջակցություն տրամադրել հաջորդ ընտրությունների ժամանակ, որոնք պետք է անցկացվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների համաձայն»,- հայտնել է դիվանագիտական ծառայությունը:

loading...