«Ռեալը» հայտարարեց Ռոնալդուի հեռանալու մասին

«Ռեալը» հայտարարեց Ռոնալդուի հեռանալու մասին

20:07 10 Հլս, 2018

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին։ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։

«Ռոնալդուի խնդրանքին ի պատասխան՝ ակումբը համաձայնել է նրա տեղափոխությանը։ Մեր ակումբը միշտ կլինի քո տունը»,- նշվում է «Ռեալի» պաշտոնական հայտարարությունում։

Ոչ պաշտոնական տվյալներով, Արքայական ակումբը 33-ամյա Ռոնալդուի տրանսֆերից կստանա 105 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» էր տեղափոխվել 2009 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 94 միլիոն եվրոյով։

9 տարում Ռոնալդուն դարձավ Արքայական ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ 438 խաղում խփելով 451 գոլ։ Նա «Ռեալի» հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի չորս գավաթ՝ երեքն անընդմեջ։

loading...