Եթե թիմը տեսնի, որ ես պետք է լինեմ քաղաքապետի թեկնածու, ապա միայն միասնական քննարկման արդյունքում կլինի վերջնական որոշումը. Թեհմինա Վարդանյան

Եթե թիմը տեսնի, որ ես պետք է լինեմ քաղաքապետի թեկնածու, ապա միայն միասնական քննարկման արդյունքում կլինի վերջնական որոշումը. Թեհմինա Վարդանյան

10:15 10 Հլս, 2018

Երեկ մամուլում տեղեկություններ էր տարածվել, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո նրան կփոխարինի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:

Համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին այն մասին, որ Երևանը կունենա պատմության մեջ առաջին կին քաղաքապետը:

Տեղեկությունը պարզելու համար 1lur.am-ը զրուցեց Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանի հետ, վերջինս էլ նշեց, որ Տարոն Մարգարյանը երեկ է հրաժարական տվել, և դեռ վաղ է խոսել Երևանի քաղաքապետի թեկնածուների մասին:

«Դեռ վաղ է խոսել դրա մասին, իսկ ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ապա ես էլ եմ մամուլում տեսել և համացանցի քննարկումներից իմացել, որ նման տեղեկություններ է տարածվել: Ինձ համար նույնպես սա անակնկալ էր, «Ելք» խմբակցությունում այս հարցը չի քննարկվել, և սա քաղաքացիների ցանկությունն է: Ինչ խոսք, անչափ ուրախ եմ և շնորհակալ եմ, որ շուրջ մեկ տարվա իմ աշխատանքին համաքաղաքացիները նման գնահատական են տալիս և ինձ դիտարկում են որպես քաղաքապետի թեկնածու: Սա, իհարկե, անասելի պարտավորեցնող է և միաժամանակ հաճելի կարգավիճակ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Մեր հարցին, թե առաջարկի դեպքում ի՞նչ որոշում կկայացնի, նա պատասխանեց. «Եթե առաջարկ լինի, ապա դա կքննարկվի: Այս պահի դրությամբ նման առաջարկ դեռևս չեմ ստացել, եթե թիմը տեսնի, որ ես պետք է լինեմ քաղաքապետի թեկնածու, ապա միայն միասնական քննարկման արդյունքում կլինի վերջնական որոշումը: Ես այս պահին չեմ ստացել նման առաջարկ, և նման հարց դեռ չի էլ քննարկվել»,- եզրափակեց նա:

loading...