ԿԲ-ն Financial Trading House-ի կողմից հակաօրինական գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին

ԿԲ-ն Financial Trading House-ի կողմից հակաօրինական գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին

16:45 9 Հլս, 2018

Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որեւէ ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Կենտրոնական բանկը:

Հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.

«Նախորդ շաբաթ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ շվեյցարական Swissquote Bank-ը Հայաստանում գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ» ՍՊ ընկերության միջոցով: Ըստ տարածված տեղեկությունների, հայաստանյան հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում:

Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որեւէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով:

Հաշվի առնելով ֆինանսական շուկաներում եւ հայաստանյան հաճախորդների շրջանում ձեւավորված տարակուսանքը, ինչպես մեր քաղաքացիների լրացուցիչ ռիսկերից զերծ պահելու նպատակով Կենտրոնական բանկը հայտնում է.

Swissquote Bank-ը չունի Հայաստանում որեւե տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք:

Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից եւ համաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որեւե գործարք:

Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որեւէ ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է:

Կենտրոնական բանկը սույն թվականի հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին:

loading...