«Հյուսիս-հարավ»-ի երկու հատվածների շինարարությունն արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում

«Հյուսիս-հարավ»-ի երկու հատվածների շինարարությունն արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում

16:15 9 Հլս, 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Կասիմ Սյուրկանիի գլխավորությամբ։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության եւ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարն ընդգծեց, որ երկու ծրագրերն էլ շատ կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի համար, եւ նախարարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակապես բարձր մակարդակով եւ նախանշված ժամկետների շրջանակներում։

Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության ընթացքին։ Նշվեց, որ աշխատանքներն արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում, որն էլ աշխատանքներում զգալի առաջընթաց կգրանցի:

Ներկայացվեցին նաեւ Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքների որոշ մանրամասներ։

Կասիմ Սյուրկանին նշեց, որ նախարարության եւ ԱԶԲ-ի միջեւ երկարամյա, ընդգրկուն եւ արդյունավետ աշխատանքային գործունեություն է հաստատվել: Նա ընդգծեց, որ  ցանկություն ունեն առաջիկայում այն ավելի խորացնելու եւ քննարկելու համագործակցության նոր ուղղությունները:

loading...