Հայաստան-ԱՄՆ առևտուրը 4 ամսում 30 տոկոս աճ է գրանցել. ԱՄՆ դեսպան

Հայաստան-ԱՄՆ առևտուրը 4 ամսում 30 տոկոս աճ է գրանցել. ԱՄՆ դեսպան

16:50 7 Հլս, 2018

Մենք ականատեսը դարձանք Հայաստանի պատմության նոր գլխի, որտեղ առավել կարեւորն այն էր, որ սա Հայաստանի ներսից զարգացող իրադարձություն էր: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:

«Հայաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց, պահանջելով ավելի թափանցիկ, ավելի արդար հասարակություն՝ եւ այդ ամենը խաղաղ ճանապարհով: Ճիշտն ասած, դա շատ տպավորիչ էր:

Ինչպես ասացի, դա Հայաստանի քաղաքացիների կողմից էր արված: Միեւնույն ժամանակ, դա արդյունքն է այն բանի, որ երկու տասնամյակ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին աշխատելով զարգացրեցին, հզորացրեցին այն ձայները, որոնք առաջ տարան թափանցիկության եւ պատասխանատվության այս արժեքները»,-ասել է դեսպանը:

Հարցին, թե արդյոք նոր Հայաստանը ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի ԱՄՆ-ի համար, Ռիչարդ Միլսը պատասխանել է. «Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ: Դրա առաջնահերթությունները կարծում եմ կարեւոր են. տնտեսությունն ավելի արդար դարձնել բոլորի համար, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջ դնել կոռուպցիայի խնդրին: Սրանք առաջնահերթություններ են, որոնք մենք նույնպես կցանկանայինք իրագործված տեսնել, եւ դեսպանությունը, ԱՄՆ-ի կառավարությունն ակնկալում են աշխատել նոր կառավարության հետ՝ որպեսզի օգնենք նոր կառավարությանն իրագործել նպատակները: Դա բավականին բարդ է լինելու»:

Նրա խոսքով, փողոց դուրս գալը, խաղաղ բողոքելը՝ դրանք հսկայական մարտահրավերներ էին Հայաստանի քաղաքացիների համար, որոնք նրանք ընդունեցին եւ հաջողությամբ հաղթահարեցին. «Խնդրի բարդ կողմն է այդ արժեքներն իրական գործողությունների վերածելն է: Այստեղ մենք ցանկանում ենք այնքան մեծ աջակցություն ցուցաբերել, որքան կարող ենք, այնպես որ սերտ աշխատելու ենք կառավարության հետ: Կարծում եմ հիմնական ոլորտը, որտեղ մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել եւ որում մեծապես հետաքրքրված են թե՛ Հայաստանի իշխանությունները եւ թե՛ ԱՄՆ-ում բնակվող Սփյուռքը, մեր երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների խրախուսումն է»:

ԱՄՆ դեսպանը տեղեկացրել է, որ վերջին 3 տարիների ընթացքում գրանցվել է 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ. «Նախորդ տարի մեր երկրների միջեւ առեւտուրը վերջապես բարձրացավ 2008-ի մակարդակից ավելի՝ մենք գրանցեցինք 42 տոկոսի աճ նախորդ տարի: Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում եւս 30 տոկոսի աճ է գրանցվել: Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման հարցում, դատական իշխանության անկախության ապահովման հարցում, ապա առեւտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետեւ վերջին 3 տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել թե ամերիկյան գործարարներից եւ թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առեւտրի, գործարարության հիմնական խոչընդոտն էր այն զգացմունքը, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ եւ որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր:

Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա ԱՄՆ-ի կողմից խոշոր առեւտրի եւ ներդրումների, որն իմ կարծիքով մեծագույն աջակցությունն է, որ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին»,-ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

loading...