ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումների մասին օրենքը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 20-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 76 կողմ, 2 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք միշտ դեմ են արտահայտվել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը. «Հիմա էլ մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, բայց նոր նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը այն անձանց համար, որոնք վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ կքվեարկենք նախագծին կողմ՝ պայմանով, որ կուտակային պարտադիր բաղադրիչը ընդհանրապես հանելու համար»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ ՀՅԴ-ն օրինագծին ձեռնպահ է քվեարկելու. «Այս օրինագիծը նախկինի հետ համեմատած բարելավում է նախատեսում, բայց չի լուծում կարեւորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ մենք պայքարել ենք տարիներ: Դա խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, խաթանում է իրավունքը անձի սեփականության եւ ստիպում է մարդուն այսօրվա հարցերը չլուծած փող հետ գցել վաղվա համար»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ թեեւ ժամանակին դեմ են եղել, բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ կողմ են քվեարկելու եւ քննարկումները այս հարցում դեռ շարունակվելու են:

Հիշեցնենք, որ այս օրինագծի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցել են անդառնալիության կետը, քանի որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն 20 տոկոսն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Բացի այդ, այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

ԱՎԵԼԻՆ