Վիետնամը Չինաստանից պահանջում է ՀՉԾ կղզիներից անհապաղ հանել բոլոր ռազմական սարքավորումները

Վիետնամը Չինաստանից պահանջում է ՀՉԾ կղզիներից անհապաղ հանել բոլոր ռազմական սարքավորումները

10:15 15 Հնս, 2018

Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ հանել բոլոր ռազմական սարքավորումները, որոնք տեղակայել էր Արեւելյան ծովի (Հարավ-Չինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, եւ դադարեցնել այդ տարածքների նկատմամբ ցանկացած միակողմանի գործողություն: Այս մասին նշված է ուրբաթ տարածված Վիետնամի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Տխի Տխու Հանգի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետի ելույթը CNN-ի ռեպորտաժի արձագանքն է, որն այս շաբաթ, վկայակոչելով արբանյակային լուսանկարները, հայտնել էր, որ Պարասելյան կղզիների կազմի մեջ մտնող վիճելի Վուդի կղզում Չինաստանի ՀՕՊ համալիրներ են հայտնվել:

«Չինաստանի կողմից Հոանգշա (Պարասելյան կղզիների վիետնամական անվանումը) կղզիներում ՀՕՊ միջոցների տեղակայումը այդ տարածքների նկատմամբ Վիետնամի ինքնիշխանության լուրջ խախտում է: Չինաստանի նման քայլերը սպառնալիքի տակ են դնում Արեւելյան ծովում խաղաղության, կայունության եւ համագործակցության պահպանումը, նպաստում են լարվածության մեծացմանը եւ սպառնալիք ստեղծում Արեւելյան ծովի շրջանում նավագնացության ու ավիացիայի ազատության համար»,- նշել է նա:

Լե Հանգի խոսքով՝ Վիետնամը Չինաստանից պահանջում է Հոանգշա արշիպելագից անհապաղ հեռացնել ՀՕՊ համալիրները եւ հետագայում քայլեր չձեռնարկել, որոնք սպառնում են այդ տարածքի նկատմամբ Վիետնամի ինքնիշխանությանը: Դիվանագետը հիշեցրել է, որ Հանոյի դիրքորոշումը Հոանգշայի կղզիների եւ կից գտնվող Չիոնգշա (Սպրատլի) արշիպելագի պատկանելության հարցում բազմիցս հրապարակվել է. Հանոյը «բավարար պատմական ապացույցներ եւ իրավաբանական հիմնավորումներ ունի, որոնք հաստատում են կղզիների նկատմամբ իր անվիճարկելի ինքնիշխանությունը»:

Պարասելյան կղզիներին եւ Սպրատլի արշիպելագին հավակնում են մի քանի երկրներ: Վեճի հիմնական կողմերն են Վիետնամը եւ Չինաստանը, կղզիների նկատմամբ իրենց մասնակի կամ ամբողջական պահանջների մասին են հայտարարում նաեւ Բրունեյը, Թայվանը, Մալայզիան եւ Ֆիլիպինները:

loading...