Վերապատրաստման դասընթացներ փրկարարների համար

Վերապատրաստման դասընթացներ փրկարարների համար

13:30 12 Հնս, 2018

Հունիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում տեղի ունեցավ հայ փրկարարների որակավորման բարձրացման դասընթացի ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը: Վկայականների հանձման օրը պատահական չէր ընտրված՝ հունիսի 12-ը Ռուսաստանի Դաշնության օրն է:

Մայիսի 29-ից հունիսի 9-ը կազմակերպված դասընթացը վարում էին Ռուսաստանից ժամանած, ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի 2 դասախոս: Դասընթացի թեման էր «Վթարափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը տեխնածին փլուզումների դեպքում»:

Այս ծրագրով վերապատրաստվող 10 հայ փրկարարները ծառայում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում: Նրանք ստացել են մասնագիտական ավելի խորացված գիտելիքներ և հմտություններ՝ նմանատիպ արտակարգ իրավիճակներում գործելու համար: Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև գործնական պարապմունքներ:

Նշենք, որ դասընթացները կազմակերպվում են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի և ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության շրջանակում՝ համաձայն մարդասիրական կենտրոնի 2018 թ. ուսումնական պլանի: Ըստ այդ պլանի՝ 16 ուսումնական ծրագրերի շրջանակներում կիրականացվի 174 հայ փրկարարի վերապատրաստում ՌԴ-ից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից: Սրանից բացի՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով՝ 2017թ. Ռուսաստանի կողմից կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն (հրշեջ-փրկարարական ամենագնաց մեքենաներ, սարքավորումներ և այլ գույք):

loading...