Մենք դատապարտում ենք նման պատվիրված հոդվածները և կոչ ենք անում բոյկոտել այդ կայքերը, նման լրագրողների հրապարակումները. Սերգեյ Բագրատյան

Մենք դատապարտում ենք նման պատվիրված հոդվածները և կոչ ենք անում բոյկոտել այդ կայքերը, նման լրագրողների հրապարակումները. Սերգեյ Բագրատյան

13:00 29 Մյս, 2018

«Վստահ եմ, որ դա քաղաքական պատվեր է և նաև վստահ, որ այդ թերթը ֆինանսավորվում է հայտնի մոնոպոլիստ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր  Բարսեղ Բեգլարյանի կողմից»,- 1lur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով «Իրատես» թերթի կողմից Միքայել Մելքումյանի մասին հրապարակված հոդվածին:

Նրա պնդմամբ՝ քանի որ, Միքայել Մելքումյանը տարիներ շարունակ պայքարում է, որ Հայաստանում մոնոպոլիաները վերանան, այդ պատճառով որոշել են գոտկատեղից ներքև խփել:

«Այսինքն՝ փորձում են վարկաբեկել այն մարդկանց, այն պատգամավորներին, ովքեր այսօր պետական քաղաքականության կարևորագույն արժեքների են տիրապետում և որպեսզի այդ պայքարը նենգափոխեն, իրենք ներկայացնում են նման պատգամավորների մասին կեղծ տեղեկություններ»,-նշեց Բագրատյանը և հավելեց,- «Որևէ մի տեղեկություն, որը մամուլում արծածվում է և «Իրատես»-ը ֆիքսել է կամ կարող է մեղադրանքներ ներկայացնել, թող դիմեն դատարան և եթե իսկապես կան նման բաներ, ապա մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունները կրելու: Բայց նշեմ, որ պարոն Մելքումյանին բոլորն են ճանաչում և երբևէ չի եղել, որ պարոն Մելքումյանը նման կարգի հրապարակումների պատճառով կամ դրանց արդյունքում այլևս չբարձրաձայնի մեր պետությանը հասցված ծանրագույն վնասները մոնոպոլիաների, արտոնյալների տեսքով: Ես վստահ եմ, որ եթե «Իրատես»-ի լրագրողները աշխատեն նոր Հայաստանին հարիր ոճով, այսինքն՝ բաց, առանց նախկին պատվիրված նենգությունների, ապա մենք միայն կողջունենք»:

Պատգամավորի խոսքով՝ իրենք կոչ են անում, որ նման լրագրողները, ովքեր կարող են ցեխ շպրտել հեղինակություն ունեցող մարդկանց վրա, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պայքարում են անարդարությունների դեմ, այդ լրագրողները պետք է նույն լրագրողական հանրության կողմից նույնպես համապատասխան գնահատականի արժանանան:

«Մենք դատապարտում ենք նման պատվիրված հոդվածները և կոչ ենք անում նման դեպքում բոյկոտել այդ կայքերը, նման լրագրողների աշխատանքները, նրանց հրապարակումները: Նման երևույթներն ուղղված են ժողովրդավարությանը, որը հարված է նոր պետության, նոր կառավարության մեջքին: Նման դեպքում պետք է նախ անդրադառնան իրենց ստեղծած արժեքներին, թե տվյալ լրագրողը ինչ է տվել հանրությանը, ինչ է կարողացել անել, ապա նոր կարողանա քարկոծել նման հզորագույն մասնագետի, դոկտոր-պրոֆեսորի, ով տնտեսագիտության մեջ իր ուրույն տեղն ունի և գիտության մեջ իր խոսքն է ասել: Երկար տարիներ ինքն ու իր ընտանիքը զբաղվել են գիտությամբ: Սա գալիս է ասելու, որ այս արժեքները դրված է հանրային գիտակցության մեջ որպես բարձրագույն արժեքներ, իսկ մենք գիտենք, որ մեր ժողովուրդը բարձր է գնահատում գիտության մարդկանց, այն մարդկանց, ովքեր անաչառ պայքարում են անարդարությունների դեմ: Այսինքն՝ հին մտածելակերպը, հին գործիքակազմը օգտագործվում է նորովի»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը:

loading...