Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում. Միլսը՝ Փաշինյանին

Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում. Միլսը՝ Փաշինյանին

17:30 18 Մյս, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 18-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը եւ ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: «ՀՀ կառավարությունը շահագրգռված է եւ մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունն ու հնարավոր օժանդակությունը: Մենք լի ենք էներգիայով՝ հասնելու մեր նպատակներին եւ կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաեւ այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է առաջ մղել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով:

Ռիչարդ Միլսը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանին նախանշված նպատակների իրականացման գործում: «Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության եւ հաշվետվողականության հռչակված նպատակների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրն ու երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: Մենք երկխոսության եւ համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձեւաչափում»,- ասել է դեսպան Միլսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանային ընթացիկ հարցերին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

loading...