Մշակույթի նախարար Մակունցը հանդիպեց գործող թանգարանների տնօրենների հետ

Մշակույթի նախարար Մակունցը հանդիպեց գործող թանգարանների տնօրենների հետ

22:15 16 Մյս, 2018

«Թանգարանների միջազգային օրվա» եւ «Թանգարանների գիշեր» ծրագրերի նախաշեմին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ եւ ծանոթացավ ոլորտում առկա արդի մարտահրավերներին:

Հանդիպման սկզբում նախարարը նշեց. «Այս հանդիպումն ուշանալ չէր կարող, քանի որ ցանկանում էի ծանոթանալ ձեզ հետ՝ հասկանալու թե ինչ փուլում են գտնվում աշխատանքներն ու ինչ խնդիրներ, անելիքներ ունենք: Պետք է նշեմ, որ կառավարության ծրագիրը մշակման փուլում է եւ նախարարության ոլորտային ծրագրերի, ինչպես նաեւ օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի քննարկման անհրաժեշտություն կա»:

Նախարարը վստահություն հայտնեց, որ աշխատելու են կառուցողական մթնոլորտում եւ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացնի իր դիրքորոշումը, որոնք կբխեն որոշակի արժեքներից, ինչն էլ կկազմի կառավարության քաղաքականության մաս:

Նախարար Լիլիթ Մակունցն առանձին–առանձին լսեց թանգարանների տնօրենների դիտարկումներն ու առաջարկություններն ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաեւ «Թանգարանների եւ թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին թանգարանների տնօրենները հրավիրեցին նախարարին իրենց ղեկավարած մշակութային օջախներ:

loading...