Պետբյուջեի եկամուտների հավաքագրման մասին տեղեկատվությունն ամենահաճելին էր. Փաշինյանը՝ Ֆիննախում

Պետբյուջեի եկամուտների հավաքագրման մասին տեղեկատվությունն ամենահաճելին էր. Փաշինյանը՝ Ֆիննախում

17:55 15 Մյս, 2018

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն եւ նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Հայաստանի Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի եւ Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման եւ աշխատավարձերի ճիշտ ժամկետներում վճարման մասին տեղեկատվությունն ամենահաճելին եւ կարեւորն էր, քանի որ փաստում էր, որ համակարգը շարունակում է իր աշխատանքը՝ անկախ ներքաղաքական իրավիճակի առանձնահատկություններից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ատոմ Ջանջուղազյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ կարեւոր դերակատարում ունենալով նախարարության կայացման եւ զարգացման գործում:

«Տվյալ դեպքում նախարարի նշանակման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունը, որի հիմքում համակարգի կայունության եւ պետության համար կարեւոր նշանակություն ունեցող, արդեն մեկնարկած բարեփոխումների ընթացքի ապահովումն է: Մենք առաջիկայում խնդիր ունենք պատշաճ կերպով ներկայացնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաեւ պետք է սկսվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծման բավականին ծանր եւ պատասխանատու աշխատանքները: Ես համոզված եմ, որ պարոն Ջանջուղազյանը կկարողանա պատշաճ մակարդակով իրականացնել այդ ամենը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ հաջողություն մաղթելով նախկին նախարար Վարդան Արամյանին եւ ընդգծելով նրա կատարած կարեւոր դերը ՀՀ պետական ֆինանսների կառավարման գործում:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատանքի խոսքերի համար, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Արամյանը պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական կարողություններով աջակցել նախարարությանը առաջիկա ծրագրերի իրականացման գործում եւ վստահեցրել, որ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ ՀՀ ֆինանսների նախարարության թիմը կշարունակի իր աշխատանքը նույն ջանասիրությամբ եւ նվիրումով:

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ֆինանսների նախարարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար եւ շեշտել, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բոլոր ծրագրերը կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՀՀ ՖՆ-ն կանի հնարավորը ՀՀ տնտեսական կայունության ապահովման եւ զարգացման համար:

loading...