92 տարեկանում մահացել է Բոբ Կոլոմբոսյանը, որի ընտանիքն առաջինն է յոգուրտ արտադրել ԱՄՆ-ում

Ամերիկահայ գործարար Ռոբերտ «Բոբ» Կոլոմբոսյանը, ում ընտանիքն առաջիններից է, որ Միացյալ Նահանգներում զբաղվել է յոգուրտի արտադրությամբ, մահացել է 92 տարեկան հասակում:

Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, Կոլոմբոսյանը կյանքից հեռացել է ապրիլի 30-ին Մասաչուսեթի իր տանը:

Բոբը ծնվել է 1925-ի դեկտեմբերի 8-ին Արևմտյան Հայաստանից ԱՄՆ գաղթած Սարգիս Կոլոմբոսյան և Ռոզա Գրիգորյան-Կոլոմբոսյան զույգի ընտանիքում: Նրանք 1929-ին հիմնադրել են Colombo & Sons Creamery ընկերությունը՝ որպես յոգուրտ արտադրող առաջին հիմնարկությունն ԱՄՆ-ում: Բոբ Կոլոմբոսյանը ծնողներից ժառանգել է ընտանեկան բիզնեսը:

Բոբ Կոլոմբոսյանը նաև բանակի վետերան է եղել Երկրորդ աշխարհամարտից հետո:

Ըստ վիճակագրական տվյալների՝ միջին վիճակագրական ամերիկացին տարեկան մոտ 7 կգ յոգուրտ է սպառում, սակայն քչերը գիտեն, որ Միացյալ Նահանգներում յոգուրտ առաջինը սկսել են արտադրել հայերը:

ԱՎԵԼԻՆ