Վիճաբանության ժամանակ կրակել է ծառայակցի վրա. նոր մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից

Վիճաբանության ժամանակ կրակել է ծառայակցի վրա. նոր մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից

19:20 16 Ապր, 2018

Պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները պարզվել են, հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է ապրիլի 15-ին ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

loading...