Արցախի ապագան ազատ կյանքն է. Սերժ Սարգսյանի հարցազրույցը ռուսական «Известия» պարբերականին

Արցախի ապագան ազատ կյանքն է. Սերժ Սարգսյանի հարցազրույցը ռուսական «Известия» պարբերականին

13:30 16 Ապր, 2018

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Известия» պարբերականին՝ խոսելով ներքին ու արտաքին մի շարք խնդիրների մասին: 

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Արցախի հիմնախնդրի լուծման շրջանակներում առկա է Երևանի և Բաքվի միջև փոխզիջումների հնարավորություն, Սարգսյանը մանրակրկիտ ներկայացրել է արցախյան կոնֆլիկտի ընթացքն ու ներկայի վիճակը՝ հիշեցնելով, որ ցանկացած բանակցային գործընթաց մշտապես խափանվել է ադրբեջանական կողմի պահվածքի հետևանքով: 

«Իրականում արդեն 30 տարի է, ինչ խնդիրը գտնվում է ակտիվ փուլում, սակայն այն առկա էր և ավելի վաղ: 30 տարուց 25-ը անցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցության պայմաններում:  

1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է հրադադարի հաստատման եռակողմ համաձայնագիր: 

Ցավոք՝ սկսած 2014 թվականից Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվում է գրեթե ամեն օր:

Իսկ 2016 թվականի ապրիլին, տանուլ տալով բանակցությունները, ադրբեջանական կողմը նենգաբար խախտեց համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններն ու անցավ մեծամասշտաբ ագրեսիայի Արցախի Հանրապետության դեմ՝ կիրառելով ավիացիոն ուժեր, զրահապատ տեխնիկա, խոշոր տրամաչափի հրետանի, հրթիռային համակարգեր, որոնք մեծ մասը, ի դեպ, գնվել է Ռուսաստանից: 

Սակայն նրանց չհաջողվեց որևէ լուրջ խնդիր լուծել և հինգերորդ օրը Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը կրկին հանդիպեցին ու պայմանավորվեցին վերականգնել ավելի վաղ կնքված համաձայնագրի պայմանները: 

Դրանից հետո կայացել են մի քանի գագաթնաժողովներ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումների ուսումնասիրման մեխանիզմների ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ-ի նախագահի ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ:

Սակայն ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, հրաժարվում էր կատարել բոլոր այդ պայմանավորվածությունները», — նշել է ՀՀ երրորդ նախագահը:  

Անդրադառնալով Մինսկի խմբի առաջադրած ձևաչափին՝ Սարգսյանը նշել է, որ դա գուցե հայկական կողմի համար լավագույն տարբերակը չէ, սակայն Հայաստանն ու Արցախը գիտակցում են, որ  հարցը կարող է լուծվել միայն փոխզիջման հիման վրա, հետևաբար՝ նախընտրել են բանակցել:

«Դեռ 2007 թվականին Մինսկի խումբն առաջարկեց լուծել խնդիրը՝ հիմնվելով միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներով:

Մեր կարծիքով՝ դա փոխզիջումների բալանսավորված հավաքածու է: Դա այն չէ, ինչի մասին մենք երազում էինք: Դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Սակայն, հասկանալով, որ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջման հիման վրա, մենք համաձայնեցինք բանակցել:

Եվ թվում էր, թե 2011-ին՝ Կազանում մենք մոտ էինք դրա ստորագրմանը: Սակայն Բաքում լրացուցիչ պայմաններ առաջադրեց և համաձայնագրի ստորագրումը չկայացավ»,-ասել է Սարգսյանը:

Նա իր խոսքում ընդգծել է, որ հարցի վերջնական լուծման համար կարևոր ու պարտադիր են երկկողմ փոխզիջումները՝ լիովին բացառելով ուժի կիրառումը:

«Ադրբեջանի իշխանությունները պատրանք ունեն, թե փոխզիջումը կարող է լինել միայն Հայաստանի ու Արցախի կողմից: Եվ միայն այդ պատճառով ստատուս-քվոն չի փոխվում:

Սակայն այստեղ անհրաժեշտ է հանդիպակաց փոխզիջում: Ադրբեջանցիները դեռ հույս ունեն, որ հարցը կարող է լուծվել ուժի կիրառմամբ: Ինչպես ցույց է տվել 1990-ականների ու 2016-ի փորձը՝ դա անհնարին է:

Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրավիճակը չի փոխվի: Միևնույնն է, մենք վաղ թե ուշ պետք է գանք ինչ-որ որոշման, սակայն որքան շուտ՝ այնքան լավ»,-շեշտել է Սերժ Սարգսյանը։  

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է պարոն Սարգսյանը տեսնում Արցախի ապագան՝ ՀՀ երրորդ նախագահը շեշտել է, որ Արցախը վստահաբար պատկերացնում է ազատ. «Արցախի ապագան ՝ ազատ կյանքն է: Այո, այն փոքր երկիր է, սակայն դա դեռ հիմք չէ, որ ասվի «դուք իրավունք չունեք ազատ ապրելու»:

Մարդիկ այնտեղ ապրել են հազարամյակներով և շարունակելու են ապրել: Իհարկե ԵԱՀԿ խմբի համանախագահներն ի դեմս և՛ Ռուսաստանի և՛ ԱՄՆ-ի և՛ Ֆրանսիայի շատ բան են անում, որպեսզի հարցը կարգավորվի»:

Նախագահների մակարդակով արվել է 5 հայտարարություն և դրանք բոլորն էլ շեշտում են այն մասին, որ խնդիրը կարող է լուծվել միայն այդ 3 սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները փոխկապակցված են: Եվ դա շատ կարևոր է»:  

loading...