Իմ թեկնածությունը հաստատվելու դեպքում պատրաստվում եմ շատ ժամանակ հատկացնել իմ կուտակած փորձը փոխանցելու համար. Սերժ Սարգսյան

Իմ թեկնածությունը հաստատվելու դեպքում պատրաստվում եմ շատ ժամանակ հատկացնել իմ կուտակած փորձը փոխանցելու համար. Սերժ Սարգսյան

12:30 16 Ապր, 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին իմ թեկնածության հաստատվելու դեպքում մեծ ժամանակ եմ պատրաստվում հատկացնել տարբեր պաշտոններին երկար տարիների ընթացքում իմ կուտակած փորձը փոխանցելու համար,  «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իմ կուսակցական գործընկերները համապատասխան կուսակցական մարմինների նիստերին պաշտպանել են Կարեն Կարապետյանի առաջարկը, և ես պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն: Բայց ոչինչ հավերժ չի լինում: Այդ պատճառով իմ պարտավորությունների հետ մեկտեղ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, շատ մեծ ժամանակ եմ պատրաստվում հատկացնել տարբեր պաշտոններին երկար տարիների ընթացքում իմ կուտակած փորձը փոխանցելու համար: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան ինչպես հանրապետականների շրջանում, այնպես էլ կուսակցությունից դուրս:

Մեզ մեծ և Հայաստանի համար օգտակար աշխատանք է սպասվում»,- ասել է նա։ 

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանում տեղի չի ունենում իշխանության փոփոխություն, այլ փոխվում է կառավարման մոդելը: «Մինչև 2022 թվականը և արտաքին, և ներքին քաղաքականությունը հիմնականում իրականացնելու է խորհրդարանական կոալիցիան: Այժմ ոչ մեկ չի կարող փոխել քաղաքական կուրսը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախկին նախագահը նշել է, որ կառավարման խորհրդարանական մոդելի անցումից արտաքին աշխարհի հետ հարաբերությունները չեն փոխվի: «Ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա ցանկանա: Բացի այդ կարևոր է, որ արտգործնախարարն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է վարչապետից ստացած հրահանգներով»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ կիսանախագահական կառավարման մոդելը մեծ վտանգներ էր պարունակում, քանի որ այն հավասարակաշռված չէր: «Ստացվում էր այնպես, որ նախագահը մեծ իրավական պատասխանատվություն էր կրում ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման և այլ հարցերի համար, բայց չուներ համապատասխան լիազորությունները, որպեսզի լիարժեքորեն իրականացներ Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները»,- ասել է նա:

Նա հավելել է, որ կառավարման նախագահական մոդելին վերադարձը դրականորեն չէր ընդունվի հասարակությունում:

«Կառավարման նախագահական համակարգին վերադարձը դրականորեն չէր ընդունվի մեր հասարակությունում: Չէ՞ որ 2008 թվականի նախագահի ընտրությունները հարթ չեն անցել: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման մոդելը խորհրդարանականի: Գնալով այդ առաջարկներին ընդառաջ՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ ունի խորհրդարանի ուժեղ օրենսդրական իշխանություն, որի դիմաց կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում: Կարծում եմ, որ կառավարման այդ ձևն այլևս չի համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

loading...