Առողջական ինչ խնդիրներ կարող է առաջացնել կաթով սուրճը

Վիճակագրությունը ցույց է տվել, որ մարդկանց մեծամասնությունը սուրճը նախընտրում է կաթով խմել, քանի որ կաթը յուրահատուկ ու ավելի նուրբ համ է հաղորդում սուրճին, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ կաթով սուրճը կարող է շատ ավելի վնասակար լինել, քան ենթադրվում է:

Շատերը հրաժարվում են սև սուրճից և նախապատվությունը տալիս են կաթով սուրճին, քանի որ ենթադրում են, որ կաթը չեզոքացնում է սուրճի վնասակար ազդեցությունը: Իրականում կաթը փոխում է սուրճի համը և մի փոքր նվազեցնում է կոֆեինի քանակությունը, սակայն միևնույն ժամանակ այն յուրովի է ազդում առողջության վրա:

Մասնագետների խոսքով՝ և՛ կաթը, և՛ սուրճը շատ օգտակար են օրգանիզմի համար, քանի որ կաթը պարունակում է կալցիում, իսկ սուրճը խթանում է նյութափոխանակությունն ու առույգացնում է, սակայն դրանց համադրությունը նույնքան օգտակար չէ:

Բանն այն է, որ սուրճը պարունակում է տանիններ՝ դաբաղանյութեր, որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես փորլուծությունը բուժող, արյունահոսությունը դադարեցնող ու թութքի առաջացումը կանխարգելող միջոց: Այդ նյութերն օժտված են «կապող» հատկությամբ, ուստի թույլ չեն տալիս, որ կաթում պարունակվող սպիտակուցները յուրացվեն:

Ընդ որում՝ այդ դաբաղանյութերի ու կաթի մեջ պարունակվող սպիտակուցների համադրության արդյունքում առաջանում է մի խառնուրդ, որը ոչ միայն վատ է յուրացվում, այլև շատ երկար ժամանակ մնում է օրգանիզմում, քանի որ անգամ ստամոքսահյութը չի կարողանում անմիջապես քայքայել այն: Արդյունքում՝ այս խառնուրդը նստվածքի տեսքով մնում է ստամոքսում՝ժամանակի ընթացքում դառնալով ստամոքսի քաղցկեղի առաջացման պատճառ:

Սակայն սննդաբաններն ընդգծում են, որ սննդակարգից կաթով սուրճը լիովին բացառելու անհրաժեշտություն չկա, քանի որ օրական ընդամենը մեկ բաժակ նման ըմպելիքը չի կարող դառնալ օնկոլոգիական հիվանդության առաջացման պատճառ: Միևնույն ժամանակ նշվում է, որ այս ըմպելիքը կարող է կախվածություն առաջացնել, ուստի այն չարաշահելը կարող է շատ վնասակար լինել:

Շատերը սուրճը խմում են էներգիա ստանալու և առույգանալու համար, սակայն այս դեպքում կաթով սուճն անարդյունավետ է, քանի որ կաթը նվազեցնում է կոֆեինի ազդեցությունը և առհասարակ համարվում է բնական քնաբեր: Բացի այդ, հաճախ մարդիկ սուրճն ըմպում են զարկերակային ցածր ճնշումը կարգավորելու համար, մինչդեռ կաթով սուրճը նման ազդեցություն չի ունենա, քանի որ կաթը կչեզոքացնի սուրճի ազդեցություն:

Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ կաթով սուրճը հակացուցված է նիհարել ցանկացողներին, քանի որ այն ունի ավելի բարձր կալորիականություն: Այս դեպքում խորհուրդ է տրվում խմել սև սուրճ, քանի որ այն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

ԱՎԵԼԻՆ