Հայաստանը մինչև 2019 թվականի ավարտն արևային էժան էներգիա կստանա

Մինչև 2019 թվականի վերջ Հայաստանում 55 ՄՎտ հզորությամբ արևային կայան է կառուցվելու, լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից

Առաջարկված սակագինն է 4,19 ցենտ՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Համեմատության համար նշենք, որ այսօր Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է: Երկու տարի առաջ այս մասին ոչ ոք նույնիսկ մտածել չէր կարող. արևային կայանների հոսանքի ինքնարժեքը զգալիորեն շատ էր ստացվում, քան ավանդականներինը։

«Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար», — ընդգծեց փոխնախարարը։

Եվրոպացիները մի շարք նորարարություններ են առաջարկել։ Մասնավորապես, կայանի վահանակները շրջվելու են արևի ուղղությամբ` հիմնվելով մեկ առանցքի վրա։ Նույն 55 մեգավատի արդյունքում հնարավոր կլինի ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ` տարեկան ոչ թե 90, այլ 120 մլն կՎտ/ժ։ Իսկ դա Հայաստանի էլեկտրաէներգիայի ողջ արտադրության 2%-ն է (այսօր բոլոր արևային և հողմակայանները հանրապետության 0,1%-ից պակաս էներգիա են տալիս)։

Կայանի շինարարության համար 50 ժամանակավոր աշխատատեղ կստեղծվի, սպասարկման համար` 20 մշտական։ Սակայն կայանը բավականին հարմար դիրք ունի (լեռներում, որտեղ արևոտ է, և զով), և իշխանությունները կառաջարկեն ներդրողներին ընդլայնել այն։

Սևանի ափի լեռներում ուժեղ արևային ճառագայթում կա. իսկ արևային կայանների համար ոչ թե տապ է անհրաժեշտ, այլ հենց ճառագայթում։ Հով եղանակը թույլ կտա, որ կայանի վահանակները ժամանակին սառչեն։

Այս առավելությունը հաշվի առնելով` մոտակա վեց ամսվա ընթացքում էներգետիկայի նախարարությունը բանակցություններ կանցկացնի ներդրողների հետ կայանի ընդլայնման վերաբերյալ։

Նկատենք, որ մրցույթի մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Սա վկայում է ներդրողների մոտ մեր էներգետիկ համակարգի և մեր կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։ Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական֊ մասնավոր համագործակցության համատեքստում։ Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ այս մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ», — գրել է վարչապետը։

Շարունակվում է նաև համեմատաբար փոքր կայանների շինարարությունը (10 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 կայան)։ Դրանցից 3-ն արդեն միացված են ցանցին, մյուսները նախատեսվում է կառուցել մինչև տարեվերջ։ Բոլոր կայանները կառուցվում են մասնավոր ներդրումների հաշվին։

ԱՎԵԼԻՆ