Ինչպես է ականջների ձևն ազդում լսողության վրա. հետազոտություն

Ականջախեցու ձեւը մեծ ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա՝ ձեւավորելով ձայնի ընկալման առանձնահատկությունները: Ականջների ձեւի արհեստական փոփոխությունը խախտում է տարածության մեջ ձայնի աղբյուրի տեղայնացման ունակությունը, չնայած ժամանակի ընթացքում ուղեղը ընտելանում է նոր պայմաններին, Journal of Neuroscience-ում հրապարակված հոդվածում նշում են Մոնրեալի համալսարանից Ռեժի Թրափոն եւ Մարկ Շոնվիզները:

Մեխանիզմները, որոնց շնորհիվ մենք որոշում ենք ձայնի աղբյուրը, վաղուց եւ լավ հետազոտված են, սակայն կանադացի հետազոտողները նկատել են, որ մինչեւ հիմա  հիմնական ուշադրությունը դարձվել է միայն աղբյուրի տեղայնացմանը հորիզոնական հարթությունում: Ձախ կամ աջ ականջում ձայնային ալիքի ստացման ժամանակի ոչ մեծ փոփոխությունը ուղեղին թույլ է տալիս որոշել ուղղությունն ավելի ձախ է, թե ավելի աջ: Սակայն երբ ձայնը գալիս է վերեւից կամ ներքեւից ինչ-որ տեղից, այս պարզ եւ արդյունավետ սկզբունքն արդեն քիչ կարող է օգնել: Այստեղ արդեն մասնակցում են ականջախեցին եւ ձայնի արտացոլումը դրա թեքվող մակերեւույթից:

Սա պարզելու համար գիտնականները փորձեր են անցկացրել երկու սեռի կամավորների մասնակցությամբ, որոնց խնդրել են ձայնի աղբյուրը տեղայնացնել, այդ թվում՝ ըստ ուղղահայացի: Այնուհետեւ նրանց արտաքին ականջի ձեւը փոփոխվել է սիլիկոնային ներդիրի օգնությամբ, ապա փորձը կրկնվել է, բայց այս անգամ արդյունքները չափազանց ցածր էին. որոշ դեպքերում փորձարկվողները նշել են նույնիսկ, որ ձայնը գալիս էր վերեւից ինչ-որ տեղից, մինչդեռ աղբյուրը ներքեւում էր տեղակայված:

Սակայն նման խանգարումն ուղեղն աստիճանաբար շտկում էր, եւ մեկ շաբաթ հետո, երբ Թրափոն եւ Շոնվիզները փորձը կրկնել են, ձայնի աղբյուրի տեղայնացման ունակությունները կամավորներին են վերադարձել նախկին ճշգրտությամբ: Այս արդյունքները ցույց են տալիս, որ մեր ուղեղը հարմարեցված է ականջախեցու անհատական ձեւին եւ դրա վրա է հենվում ձայնի աղբյուրը տեղայնացնելիս: Հենց այն փոխվում է, ուղեղին ընտելանալու համար ժամանակ է հարկավոր:

ԱՎԵԼԻՆ