Ինչու չի կարելի մաքրել ականջներն ականջմաքրիչով

Մասնագետները նշում են, որ ականջները հատուկ ականջմաքրիչով մաքրելու սովորությունը կարող է խիստ վտանգավոր լինել և հանգեցնել ծծմբախցանի առաջացման:

Ականջների հիգիենային հետևելը շատ կարևոր է, սակայն մարդիկ ոչ միշտ են ճիշտ խնամում ականջները: Հարկ է հիշել, որ ականջները մաքրելիս մարդը չի տեսնում, թե ինչ է անում և կա արդյոք ծծումբ ականջներում, ուստի կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

Բացի այդ, այս հատուկ ականջմաքրիչների չափերը թույլ չեն տալիս ճիշտ մաքրել ականջները և նախատեսված են միայն արտաքին հատվածից ծծումբը մաքրելու համար: Դրանք սխալ օգտագործելու դեպքում մարդը միայն էլ ավելի է խցանում լսողական անցուղին՝ նպաստելով ծծմբխցանի առաջացմանը, որից կարելի է ազատվել միայն մասնագետի օգնությամբ:

Եթե ականջի ծծումբը չափազանց մեծ քանակությամբ է արտադրվում, այն կարող է բավական լուրջ խնդիրներ առաջացնել և խցանել լսողական անցուղին:

Այս դեպքում հարկավոր են հատուկ պրոցեդուրաներ ծծումբից ազատվելու համար:

Այս խնդրից ազատվելու ամենապարզ միջոցը ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթն է: Հարկավոր բամբակով փոքրիկ պատրույգ պատրաստել, թրջել այն ջրածնի պորօքսիդով և դնել արտաքին լսողական անցուղու մեջ: Այն հարկավոր է թողնել 0.5-1 ժամ, այնուհետև ցնցուղ ընդունել: Այդ ընթացքում անհրաժեշտ է մոտ 10 սմ հեռավորությունից ցնցուղի միջոցով լվանալ ականջները, ինչը կօգնի դուրս բերել փափկած ծծումբը:

Նույն կերպ ծծումբից կարելի է ազատվել նաև կերակրի սոդայի միջոցով, որը հարկավոր է դարձնել մածուցիկ զանգված, թրջել դրանով պատրույգը և դնել այն արտաքին լսողական անցուղու մեջ:

Այս պրոցեդուրաները կօգնեն մաքրել ականջները կուտակված ծծմբից՝ առանց վնասելու: Ցանկության դեպքում կարելի է օգտագործել նաև հատուկ դեղամիջոցներ, սակայն դրանք պետք է նշանակի միայն բժիշկը:

Ոչ մի դեպքում չի կարելի փորձել ինքնուրույն ազատվել ականջի ծծմբից՝ օգտագործելով ֆիտոմոմեր, որոնք օգնում են չորացնել ծծումբը: Բանն այն է, որ այդ պրոցեդուրայի ընթացքում կարող է չորանալ ոչ միայն ծծումբը, այլև լսողական անցուղու նուրբ մաշկն ու անգամ թմբկաթաղանթը: Ընդ որում՝ թմբկաթաղանթը կարող է ոչ միայն չորանալ, այլև վնասվել:

 

 

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment