Դեպրեսիան կարող է սրտի ռիթմի խանգարում առաջացնել. հետազոտություն

Դեպրեսիան ազդում է ոչ միայն մարդու տրամադրության ու մոտիվացիայի եւ ինչ-որ բան անելու ցանկության վրա, այլեւ վատթարացնում է նրա ֆիզիկական առողջությունը. Keck School of Medicine at the University of Southern California-ի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ դեպրեսիան 30 տոկոսով մեծացնում է սրտի ռիթմի վտանգավոր խանգարման զարգացման հավանականությունը, որը սպառնում է կաթվածով եւ սրտային անբավարարությամբ:

Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են MESA (Multi-Ethnic Study of Atherosclerosis) հետազոտության տվյալները, որն իրականացնելիս բժիշկները 13 տարի հետեւել են ԱՄՆ տարբեր էթնիկ խմբերից 6600 քաղաքացիների: Մասնակիցների միջին տարիքն էր 62 տարեկանը, հետազոտության մեկնարկին նրանք սրտային հիվանդություններ չեն ունեցել:

Հակադեպրեսանտներ ընդունող եւ դեպրեսիայի հայտնաբերման կլինիկական սքրինինգային թեստերի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող մարդկանց մոտ նախասրտի ֆիբրիլյացիան 30 տոկոսով բարձր էր, քան այն մասնակիցների մոտ, որոնք դեպրեսիայի ախտանիշներ չունեին եւ հակադեպրեսանտներ չէին ընդունել:

Հետազոտության մեջ ոչինչ նշված չէ սրտի ռիթմի վրա դեպրեսիայի ազդեցության մեխանիզմի մասին: Սակայն գիտնականների ենթադրությամբ՝ սրտի կանոնավոր ռիթմը պահպանելուն կարող են խոչընդոտել բորբոքային պրոցեսները եւ որոշ հորմոնների բարձր մակարդակը:

Գիտնականները բժիշկներին խորհուրդ են տալիս դեպրեսիայի բուժման համար դիմող հիվանդներին նախազգուշացնել սրտային հիվանդությունների զարգացման հավանականության մասին:

Նախասրտերի ֆիբրիլյացիան հանդիպում է մոլորակի 100 բնակչից 1-2-ի մոտ, որի տարածվածությունն աճում է տարիքին զուգահեռ: Այն իշեմիկ կաթվածի զարգացման կարեւոր պատճառներից մեկն է, հայտնաբերվում է այս հիվանդությամբ տառապող հիվանդների հինգերորդ մասի մոտ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում նախասրտերի ֆիբրիլյացիայով տառապում է ոչ պակաս, քան 300 մլն մարդ:

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment