Հայերը կիսել են բոլոր դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի համար Լիբանանի կարեւորությունը պայմանավորված չէ միայն այս երկրի տարածաշրջանային նշանակությամբ. դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արեւելքի եւ լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել: Այս մասին Հռոմում կայացած Լիբանանի աջակցությանը նվիրված նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի խոսքով՝ այսօր այս երկիրը հյուրընկալում է տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնքը, որը մեր ժողովրդի մշակութային ու հոգեւոր կենտրոններից մեկն է: «Ավանդաբար հայերն ակտիվորեն ներգրավված են Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ: Այսօր նրանք ներկայացված են ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրդարանում: Հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, եւ  պատրաստակամ են այսուհետ եւս իրենց ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային»,- նշել է Էդվարդ Նալբանյանը:

Նախարարը հավելել է, որ Հայաստանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին, ինչը եւս մեկ անգամ վերահաստատվել է փետրվարին Լիբանանի նախագահի՝ Երեւան կատարած պաշտոնական այցի, ինչպես նաեւ օրերս Հայաստանի վարչապետի՝ Բեյրութ կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ հիշեցրել է, որ 2014թ. նոյեմբերից 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակն իտալական հրամանատարության ներքո ծառայություն է  իրականացնում Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում: Հայաստանը, ըստ նախարարի, պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաեւ նոր գաղափարների հիման վրա:

ԱՎԵԼԻՆ