Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվեց. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել (լուսանկար)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

1. Դադարեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում՝ Շվեյցարիայի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանն ու Թուրքիան նախաստորագրեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունները։ Հայկական կողմից արձանագրությունները ստորագրել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ թուրքական կողմից՝ Ահմեդ Դավուօղլուն։ Ստորագրվել է 2 փաստաթուղթ՝ արձանագրություն, որոնք են՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:

Հայաստանի իշխանությունները հաջորդ տարվա փետրվարին արձանագրություններն ուղարկեցին Ազգային ժողով վավերացման գործընթացի համար, սակայն Թուրքիան տևական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում, այդ թվում, արձանագրությունների վավերացումը կապում էր ղարաբաղյան խնդրի հետ։

Չնայած որ 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիան դե ֆակտո ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն այն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այսինքն` դե յուրե ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ։

2010թ. ապրիլի 22-ին նախ Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրությունների վավերացման ընթացքը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս կոչով, որով հայտարարում է Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է Թուրքիա։

2015թ. Սերժ Սարգսյանը հետ կանչեց արձանագրությունները Ազգային ժողովից։

Իսկ ամիսներ առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ և 2018 թվականի գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների:

ԱՎԵԼԻՆ