Ինչպես դաստիարակել երեխային՝ առանց բղավելու և պատժելու

Ինչպես դաստիարակել երեխային՝ առանց բղավելու և պատժելու

22:45 14 Փտր, 2018

Երեխաների բնավորությունը ձևավորվում է 2-5 տարեկանում, ուստի այդ տարիքի երեխաների դաստիարակության հարցում ծնողները պետք է առանձնահատուկ ուշադիր լինեն: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի բղավել երեխայի վրա կամ առավել ևս հարվածել, քանի որ հետագայում նա կարող է ընդօրինակել նման պահվածքը և նույն կերպ վարվել նաև իր երեխաների հետ:

Երեխայի վրա անդադար բղավելու և նրան հաճախ պատժելու դեպքում ծնողները կարող են բախվել բազում խնդիրների: Նման պահվածքը կարող է հանգեցնել.

·        հոգեբանական տրավմաների,

·        ծնողի հանդեպ հարգանքի բացակայության,

·        արտաքին աշխարհին հարմարվելու և ուրիշների հետ շփվելու անկարողության:

Նման խնդիրներից խուսափելու համար ծնողները պետք է լինեն շատ նրբանկատ և խուսափեն տարածված սխալներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դաստիարակության 7 կանոն, որոնց հետևելը կօգնի ծնողներին ճիշտ մոտեցում ցուցաբերել և չբղավել ու չպատժել փոքրիկին:

 1.      Առաջին հերթին հարկ է հիշել, որ երեխայի առողջությունն ու երջանկությունը կախված է ծնողների երջանկությունից ու առողջությունից, ուստի հարկավոր է վարել առողջ կենսակերպ և աշխատել հնարավորինս զերծ պահել երեխային տհաճ իրադարձություններից (օրինակ՝ ծնողների վատ սովորություններից, նրանց միջև վեճերից, վատ հարաբերություններից և այլն): Առհասարակ՝ ծնողները պետք է հիշեն, որ մինչ երեխայի դաստիարակությամբ զբաղվելը մարդը պետք է փորձի ինքն իրեն դաստիարակել: Օրինակ՝ եթե ծնողներն առավոտյան նախավարժանք չեն անում, չպետք է պահանջեն երեխայից անել այն:

2.      Դաստիարակության հաջորդ տարածված սխալը երեխաներին իրենց հույզերն արտահայտելն արգելելն է: Ծնողները հաճախ են բարկանում երեխաների վրա լաց լինելու, աղմկելու կամ բղավելու համար, սակայն հարկ է հիշել, որ բարկանալու փոխարեն անհրաժեշտ է պարզապես հանգիստ խոսել փոքրիկի հետ և բացատրել, որ որոշ դեպքերում հարկավոր է լռել կամ խոսել ցածրաձայն:

3.      Հաճախ երեխայի վրա բղավելը պայմանավորված է լինում ծնողների խնդիրներով կամ վատ տրամադրությամբ, սակայն մինչ փոքրիկի վրա զայրանալը հարկ է հիշել, որ նա ոչ մի բանում մեղավոր չէ:

4.      Շատ կարևոր է նաև գտնել այն սահմանը, որի դեպքում ծնողներն անսահման սիրում են երեխային և շատ բան են ներում, սակայն թույլ չեն տալիս չարաշահել իրենց լավ վերաբերմունքը: Օրինակ՝ եթե երեխան պահանջում է որևէ վնասակար մթերք, ապա հարկավոր է գտնել որևէ օգտակար բան, որով կարելի է փոխարինել դա և որը նույնքան դուրեկան կլինի փոքրիկին:

5.      Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի հարվածել երեխային, քանի որ բռնություն բռնություն է ծնում: Նման դեպքերում երեխան կսկսի մտածել, որ խնդիրները կարելի է լուծել միայն բռնի ուժով:

6.      Բացի այդ, ծնողները պետք է զգուշորեն օգտագործեն «չի կարելի» արտահայտությունը, քանի որ մշտական արգելքների դեպքում երեխայի մոտ կարող են բազմաթիվ բարդույթներ ձևավորվել: Անհրաժեշտ է միշտ բացատրել երեխային, թե ինչու չի կարելի անել այս կամ այն բանը և ինչ բացասական հետևանքներ կարող են լինել հակառակ դեպքում:

7.      Ծնողները ոչ մի դեպքում չպետք է վիճեն երեխայի ներկայությամբ կամ առավել ևս քննարկեն նրա դաստիարակության հարցերը: Առհասարակ՝ ծնողների քայլերը պետք է միշտ համաձայնեցված լինեն, հակառակ դեպքում՝ երեխան կարող է նրանցից որևէ մեկին մյուսից շատ սիրել: Օրինակ՝ եթե մայրը թույլ տա անել որևէ բան, որն արգելել է հայրը, ապա դա բացասաբար կազդի հոր հանդեպ երեխայի վերաբերմունքի վրա:

Հարկ է հիշել, որ երեխայի համար օրինակ են ծառայում ծնողները, ուստի եթե ծնողներն ապրում են համերաշխ, ունեն սիրելի հոբբի և երջանիկ են, ապա հետագայում երեխան նույնպես կցանկանա ապրել նման երջանիկ կյանքով:

loading...