Մենք տոնը պետք է ճիշտ հասցնենք մարդկանց և ազատենք այն ավելորդ սնոտիապաշտություններից. Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Մենք տոնը պետք է ճիշտ հասցնենք մարդկանց և ազատենք այն ավելորդ սնոտիապաշտություններից. Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

13:57 13 Փտր, 2018

«Տյառնընդառաջի տոնը կապված է քառասնօրյա Քրիստոսի տաճար ընծայման հետ: Երբ Քրիստոսին բերեցին տաճար նախատեսված զոհաբերություններ կատարելու համար, նրանց ընդառաջ է դուրս գալիս Սիմեոն ծերունին և երեխային գրկելով  օրհնում է նրան: Ահա հենց  հանդիպման այդ դրվագն էլ ընկած է տոնի անվան մեջ` Տյանռընդառաջ, այսինքն` Տիրոջն ընդառաջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տյառնընդառաջի ծագումը այսպես մեկնաբանեց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար  Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Տեր Շմավոնը տոնի խորհուրդը բացատրելով ասաց. «Այս տոնի խորհուրդներից մեկն այն է, որ մենք մեր սրտում և մեր մտքում կարող ենք ամեն օր Տիրոջն ընդառաջ դուրս գալ, եթե կամենանք դառնալ դեպի Քրիստոսը և նրան որպես մեր Փրկիչ և Աստված ընդունենք»:

Ինչպես նշեց քահանան` տոնախմբությունը սկսում է նախորդ օրը երեկոյից, քանի որ եկեղեցական օրացույցի համաձայն`նոր  օրը սկսվում է երեկոյան ժամը հինգից հետո: Երեկոյան եկեղեցիներում կատարվող նախատոնակից հետո արդեն, եկեղեցու բակում վառվում է խարույկը, որից մարդիկ կրակ են վերցնում և տանելով իրենց տուն վառում են նաև իրենց տների խարույկները:

Ըստ քահանայի` մարդիկ իրենց հաջողությունները և ուրախությունները հաճախ կապում են կրակի հետ. «Յուրաքանչյուր եկեղեցական տոն ունի նշվելու իր կերպը: Տյառնընդառաջում դա արվում է խարույկ վառելով, բայց որ այդ խարույկի վրայից ցատկողները կերջանկանան ու առատություն կլինի իրենց տան մեջ, իսկ չցատկողնրը կլինեն ապերջանիկ, դա այդպես չէ : Յուրաքանչյուր մարդու երջանկություն իր իսկ ձեռքերում է»-ընդգծեց Տեր հայրը:

Ի պատասախան սրան երաժշտագետ Լուսինե Նազարյանը ասաց. «Աշխարհում գոյություն ունի այն ինչին մենք հավատում ենք, և եթե մարդ հավատում է, որ կարող  է կրակի վրայից ցատկելով երջանկանալ, ուրեմն թող հավատա և երջանկանա»:

Տեր Շմավոնը հավելեց նաև, որ մենք տոնը պետք է ճիշտ հասցնենք մարդկանց և ազատենք այն ավելորդ սնոտիապաշտություններից:

Այն հացին` արդյոք տոնը միայն նորապսակների համար է, թե չամուսնացածները նույնպես կարող են տոնել այն, քահանան պատասխանց, որ ըստ ժողովրդական ավադույթի նորապսակ զույգի պարագայում տոնի բոլոր գործողությունները կատավում են փեսայի տանը, բայց սա չի նշանակում թե այն մարդիկ, ովքեր դեռ պսակված չեն, չեն կարող ուրախանալ այդ տոնի ժամանակ.«Այստեղ կանոնական ոչինչ չկա, սա ժողովրդական ավանդույթ է»,-հավելեց նա:

Լուսինե Նազարյանը տոնի կատարման արարողությանն անդրադառնալով ասաց, որ Հայաստանում կան գյուղեր որտեղ կան տոնի կատարման մասնակի տարբերություններ. «Տրնդեզով (Տյառնընդառաջի ժողովրդական անվանումն է) ձմեռային տոներն ավարտվում են և սկսվում է գարնան սկիզբը: Գյուղերում Տրնդեզի կրակով մաքրագործվելու հավատալիք կար, և ինչպես բոլոր տոնրի ժամանակ, այս տոնից առաջ ևս գյուղերում ծիսական արարողություններ էին արվում: Մարդիկ մաքրում էին տունը, գոմը, տան անկյունները և այդ ողջ ավելցուկը լցնելով պարկի մեջ կրակին էին տալիս, հավատալով, որ դրանով տունը մաքրվում է չարից և իրենք դեպի լույսն են գնում»:

Երաժշտագետը ասաց նաև, որ հնում ամեն գյուղ տոնը նշելու իր ձևերն է ունեցել, բայց հիմա այն ինչ-որ տեղ ընդհանուր և միաձև է դարձել: Նրա հավաստմամբ` կան գյուղեր, որտեղ տոնը եղել  է, սակայն ժամանակի ընթացքում այն վերացել է:

Ըստ Տեր Շմավոնի` ամենաշատ ավանդույթները պահանվել են հենց Արարատյան դաշտավայրի գյուղերում, որտեղ մարդիկ մինչև օրս մեծ հետաքրքրությամբ նշում են գրեթե բոլոր տոները:

loading...