Արձագանքի բացակայությունը ցույց կտա, որ քաղաքապետարանը տեղյակ է եղել սպասվող ծառահատումների մասին. Դավիթ Խաժակյան

Արձագանքի բացակայությունը ցույց կտա, որ քաղաքապետարանը տեղյակ է եղել սպասվող ծառահատումների մասին. Դավիթ  Խաժակյան

16:52 5 Փտր, 2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր  ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, որ Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասի կանաչապատ տարածքում հատվել են բազմաթիվ հաստաբուն ծառեր, և տարածքը վերածվել է անբարեկարգ վիճակի:

Վերջինս նշել էր, որ իրենք դիմելու են քաղաքապետարան` հարցի լուծումը ստանալու համար: Իրողությունը պարզելու համար 1lur.am-ը զրուցեց  Դավիթ Խաժակյանի հետ:

Նա ասաց. «Մենք դեռևս սպասում ենք արձագանքին, և արձագանքի բացակայությունը ցույց կտա, որ քաղաքապետարանը տեղյակ է եղել սպասվող ծառահատումների մասին և միջոցներ չի ձեռնարկել կանխելու այս ոտնձգությունը բնության նկատմամբ։ Մոտ օրերս պետք է ուսումնասիրենք իրավական հնարավոր հետևանքները և փորձենք այդ դաշտում պարզելու իրավապահ մարմինների գնահատականը»։

Մեր հարցին, թե արդյոք հնարավոր կլինի կանխարգելիչ գործողություններ ծավալել այն դեպքում, երբ այդ տարածքը օրենքով համարվում է Վարդանյանների սեփականությունը, Խաժակյանը նշեց, որ չնայած տարածքը մասնավոր սեփականություն  է, սակայն ծառահատումների վրա կան սահմանափակումներ, որոնք իր կարծիքով տվյալ դեպքում լրջորեն խաթարվել են:

Հարցին` սա միայն քաղաքապետարանի խնդիրն է, թե բնապահպանության նախարարությունը ևս պետք է արձագանքի խնդրին, Դավիթ Խաժակյանը նշեց. «Խնդիրը բնականաբար միայն քաղաքապետարանինը չէ, սակայն առաջին հերթին հենց իրենն է և մենք որպես ավագանու անդամներ դիմում ենք հենց քաղաքապետարանին»:

1lur.am

loading...