Ամեն բան փորձում եմ ձեռնարկել, որ փետրվարի 7-ից «Ուժերի Զարթոնք» գիրքը հասանելի լինի. ՄիքայելՆահապետյան

Ամեն բան փորձում եմ ձեռնարկել, որ փետրվարի 7-ից «Ուժերի Զարթոնք» գիրքը հասանելի լինի. ՄիքայելՆահապետյան

14:41 5 Փտր, 2018

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Սաակաշվիլիի «Ուժերի Զարթոնք» գրքի շնորհանդեսն այդպես էլ չկայացավ: Գրքի թարգմանական աշխատանքների ձեռնարկման, շնորհանդեսի չկայացման և գրքի`ընթերցողի ձեռքում հայտնվելու ժամկետի մասին  զրուցել ենք գրքի թարգմանչի` Միքայել Նահապետյանի հետ:

Միքայել ինչպե՞ս ծնվեց Սաակաշվիլիի «Ուժերի Զարթոնք» գիրքը հայերեն թարգմանելու գաղափարը: Արդյո՞ք Ձեր ընկերական շրջապատում որևէ հետաքրքրություն է նկատվել գրքի հանդեպ, ինչն էլ Ձեզ ստիպել է հաձն առնել գրքի թարգմանական աշատանքները:

—   Գրքի մի կարճ հատված լսել եմ աուդիո տարբերակով, հետաքրքրել է։ Հետո ձեռք եմ բերել ու կարդացել գրավոր, ամբողջական տարբերակը, հասկացել եմ, որ կուզեի դրանում տեղ գտած մտքերը հանրության քննարկման, դատողության առարկա դառնան, ավելի մոտ լինեն հայ հասարակությանը, լինեն թարգմանված։ Այդ մասին խոսում էի ընկերոջս հետ, ով գրքի խմբագիրն է, նա ասաց «ո՞վ թարգմանի, եթե ոչ դու» ու սկսեցինք թարգմանել։

 —Մինչև գիրքը հայերեն թարգմանելը մտածո՞ւմ էիք, որ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ գրքի շնորհանդեսի և վաճառքի հետ կապված:

-Ո՛չ։ Չեմ կարծել թե Հայաստանում, 21-րդ դարում այսպիսի խնդիրներ կպատահեին։

-Ի սկզբանե որոշված էր, որ շնորհանդեսը պետք է կայանա Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Սակայն թանգարանի տնօրենը նշել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել է: Արդյո՞ք չեղարկման պատճառն իրոք տեխնիկական էր:

-Իմ վերջին հայտարարության մեջ նշել եմ, որ շարունակական դարձող այս չեղարկումներն իմ կարծիքով ճնշումների հետևանք են։

-Երկրորդ վայրը, որտեղ պետք է անցկացվեր շնորհանդեսը «Նոյյան տապան» գրատունն էր, սակայն գրախանութի տնօրենն ասել է, որ համաձայն չի և հրաժարվում է, քանի որ չի ցանկանում խնդիրներ ունենալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Ի՞նչ խնդիրներ կարող էին առաջանալ:

-Չեմ մեկնաբանի։ Իսկ խնդիրների մասով՝ յուրաքանչյուր ոք ինքը գիտի թե ինչպիսի խնդիրներ կարող է ունենալ. չեմ կարող գուշակություններ անել։

 —Սաակաշվիլիին շատերը որակում են որպես հակահայ քաղաքական գործիչ: Մարդիկ այս ընթացքում կարծես բաժանվել են երկու խմբի: Մի մասը ողջունում է գրքի հայերեն թարգմանությունը, մի մասն էլ պարզապես դեմ է արտահայտվում դրան: Արդյո՞ք գրքում տեղ գտած մտքերը կարող են գաղափարապես վատ անդրադառնալ մարդկանց վրա:

 — «Հայամետ-հակահայ» դիսկուրսը կեղծ է ու աբսուրդային։ Օտար պետության նախագահը կարող է լինել իր պետությանը միտված՝ պետականամետ։ Ես չեմ ճանաչում օտարերկրյա «հայամետ» գոնե մեկ նախագահի։ Մարդիկ, ովքեր նման օրակարգ են բացում կամ հեռու են միջազգային քաղաքականության էությունն ըմբռնելուց, կամ անազնիվ նպատակներ ունեն՝ մարդկանց մոլորեցնելու։ Ամեն պետություն հենված է բացառապես իր ազգային շահի վրա և սպասարկում է այդ շահը։ Իսկ մենք կարող ենք ուսումնասիրել և հասկանալ նրանք ի՞նչ են արել, ինչու՞ և ինչպե՞ս։
Գաղափարների «վատ» անդրադառնալու մասով. նախ «լավն» ու «վատը» հարաբերական հասկացություններ են՝ ու՞մ համար լավ, ու՞մ համար վատ։ Երկրորդ՝ քաղաքական թեմայով գրականության ընթերցողը անցումային տարիքի երեխան չէ, որ հոգեկերտվածքի վրա բեկումնային ազդեցություններ թողնի, որոշակիորեն ձևավորված մարդիկ են, որոնք ունեն համոզմունքներ։ Գիրքը կարդալով կամ իրենց համոզմունքները կամրապնդվեն, կամ՝ կփոփոխվեն, կա՛մ էլ նրանք կմերժեն գրքի բովանդակությունը։

-Հայ գրախանութներում վաճառվում է Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը, , սակայն դրա կողքին արգելվում է «Ուժերի զարթոնք»-ի վաճառքը: Չե՞ք կարծում, որ այստեղ արգելքի պատճառները մի փոքր այլ հիմքեր ունեն:

 —«Իմ պայքարը» և ընդհանրապես հիտլերյան գաղափարախոսությունը ռազմական նացիզմ է՝ ազգ-բանակ։ Ի՞նչ եք կարծում էս կոնցեպտը հիմնավորող գրականությունը Հայաստանում խնդիր ունի՞։

-Որպես «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանիչ, կասեք` որն է գրքի գեղարվեստական արժեքը: Ինչո՞ւ մարդիկ պետք է կարդան այն, և ավելի շատ որ լսարանի համար է գիրքը:

 —Արժեքը ևս սուբյեկտիվ ընկալման ոլորտից է։ Ես կասեմ թե ե՛ս ինչու եմ ուզում, որ մարդիկ այն կարդան. ուզում եմ, որ մեր քթի տակ փոփոխության ենթարկված պետության փորձին ծանոթանան, ուզում եմ, որ իրենց խնդիրների լուծումների մասին մտածեն, փորձեն քննադատաբար վերլուծել վրացական օրինակը, իմանան թե վրացիները որտեղ սխալվեցին, որտեղ հաջողեցին։

-Չե՞ք կարծում, որ գրքի շուրջ բարձրացած աղմուկը միայն ավելացնում է հետաքրքրությունը գրքի հանդեպ, և սա կարող է խթան լինել գրքի արագ սպառման համար:

-Շուկայի օրենք է՝ կարծեմ-չկարծեմ։ Բայց հասարակության ռեֆլեքսն էլ անվերջ չէ՝ մեկ-երկու… ու հետո չի արձագանքի, էսպիսի դեպքերը կդառնան սովորական, հանգիստ կանցնեն-կգնան և, իբրև հանրություն, կհայտնվենք էլ ավելի վատ վիճակում՝ իներտ ու ճնշված։

-Ինչպիսի՞ն է լինելու գրքի հետագա ճակատագիրը: Արդյո՞ք արդեն կան հստակ պլաններ շնորհանդեսի և վաճառքի հետ կապված: Ի վերջո երբ կդրվի այն ընթերցողների սեղանին:

 —Ամեն բան փորձում եմ ձեռնարկել, որ փետրվարի 7-ից հասանելի լինի։

 

1lur.am

loading...