Իբուպրոֆենի օգտագործումը հղիության ընթացքում խիստ վտանգավոր է

Հղիության ընթացքում իբուպրոֆենի գործածումը նվազեցնում է ապագա դուստրերի ձվաբջիջների քանակը։ Այս մասին նախազգուշացնում են Ֆրանսիայի առողջապահության ու բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտնականները։

Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Human Reproduction ամսագրում, մասնագետները ուսումնասիրել են սաղմերի զարգացման 7-12 շաբաթում մոր արգանդից աբորտի միջոցով հանված իգական սեռի 185 սաղմերի ձվարանների հյուսվածքները։ Դրանց մի մասը ենթարկել էին իբուպրոֆենի ազդեցությանը։ Նաեւ գիտնականները չափել են իբուպրոֆենի խտությունը պորտալարի արյան մեջ՝ հղիությունն ընդհատելուց առաջ որոշ կանայք ցավազրկողներ էին ընդունել։ Պարզվել է, որ իբուպրոֆենն անցնում է ընկերքի պատնեշի միջով՝ չորս հաբ ընդունելուց 2-4 ժամ անց դեղի խտությունը պորտալարի արյան մեջ նույնն է եղել, ինչ մեծահասակ մարդու արյան մեջ։

Պարզվել է, որ իբուպրոֆենի ազդեցությունը մի քանի օրվա ընթացքում զգալիորեն նվազեցնում է սեռական առաջնային բջիջների՝ գոնոցիտների կիսման ունակությունը, իսկ ձվաբջիջները հետագայում հենց այդ բջիջներից են առաջանում։ Հայտնվելով ձվարանի մեջ՝ դրանք սկսում են կիսվել։ Դա տեղի է ունենում միայն սաղմնային զարգացման փուլում։ Հետազոտողների խոսքով՝ իբուպրոֆենի մեկշաբաթյա ներգործությունը կրկնակի կրճատում է սաղմերի գոնոցիտների քանակը՝ այն սաղմերի համեմատ, որոնք այդ դեղամիջոցի ազդեցությանը չեն ենթարկվել։ Բացի դրանից, իբուպրոֆենը նպաստում էար գոնոցիտների ոչնչացմանը։

Աշխատության հեղինակները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, որպեսզի պարզեն, թե հատկապես ինչպես է իբուպրոֆենը ազդում գոնոցիտների կիսման վրա։ Նաեւ կարեւոր է պարզել այդ դեղամիջոցի ավելի երկարատեւ ազդեցության հետեւանքները այն երեխաների առողջության վրա, որոնց մայրերը հղիության ընթացքում իբուպրոֆեն են ընդունել։

ԱՎԵԼԻՆ