Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2017-ին ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ. Կարեն Կարապետյանը՝ Ալմաթիում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2017-ին ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ. Կարեն Կարապետյանը՝ Ալմաթիում

14:23 2 Փտր, 2018

Թվային վերափոխումն արդյունավետ կառավարմամբ եւ տնտեսությամբ երկիր ունենալու հնարավորություն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ ներկայացնելով Հայաստանի թվային օրակարգը՝ վարչապետն ընդգծել է, որ թվային վերափոխումը, մեր ընկալմամբ, ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլեւ միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ եւ տնտեսությամբ երկիր, ու այստեղ մեզ համար այլընտրանքներ չկան:

«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ակտիվ զարգանում է: Վերջին տարիներին այս բնագավառում մենք տարեկան ունենում ենք շուրջ 25 տոկոս աճ: Մենք դեռ չենք ամփոփել անցյալ տարվա արդյունքները, բայց ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ», — նշել է Կարեն Կարապետյանը:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաեւ կրթական ոլորտին՝ նշելով, որ Հայաստանի բոլոր, անգամ հեռավոր շրջանների դպրոցներում շախմատը որպես  ուսումնական առարկա է դասավանդվում, ինչպես նաեւ  ուսուցանվում են ռոբոտատեխնիկա եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, իսկ այս տարվանից՝ բիզնես եւ ֆինանսներ:  Կարեն Կարապետյանը խոսել է նաեւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նշելով, որ 2016 թվականին այն աշխարհի լավագույն նորարարական դպրոց է ճանաչվել, եւ ներկայում կենտրոնն ընդլայնվում է  ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս: Վերջերս Փարիզի քաղաքապետարանն է հայտարարել իրենց մոտ նման կենտրոն բացելու մասին:  

Անդրադառնալով Հայաստանի թվային օրակարգին՝ վարչապետն ասել է, որ ներկայում թվային արագընթաց առաջխաղացումն իրականացվում է թվային փոխակերպման 6 հիմնական ուղղություններով՝

թվային կառավարություն

թվային հմտություններ

ենթակառուցվածք

կիբերանվտանգություն

մասնավոր հատված

ինստիտուցիոնալ հիմքեր:

«Ազգային թվային օրակարգի առաջխաղացման արդյունավետ համակարգման նպատակով Հայաստանի կառավարությունը 2017 թվականին հիմնել է «Թվային Հայաստան» հիմնադրամը, մշակվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ  2018-2030 թթ.» զարգացման ծրագիրը: Թվային օրակարգի համաձայն՝ մինչեւ 2030 թ. «պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100 տոկոսանոց ցուցանիշի եւ 80 տոկոսանոց թվային փոխգործակցության «պետություն-բիզնես» ծառայությունների գծով»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Համաժողովին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ, ՏՏ ոլորտի միջազգային փորձագետներ ու մասնագետներ:

loading...