Պետք է բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսավարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան. վարչապետ  

Պետք է բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսավարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան. վարչապետ   

11:41 1 Փտր, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեությանը:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ համապատասխան գրանցումներն իրականացվում են սեղմ ժամկետներում և հիմնականում առցանց եղանակով, ինչը նաև որպես դրական արդյունք արձանագրվել է «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում։

Նշվածի հետ զուգահեռ, հարկավոր է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը, բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսվարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան, ընդլայնել թվային գործիքների հասանելիությունը և դրանց շրջանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում մշակել իրավաբանական անձանց գրանցման, վերակազմակերպման մերժման հիմքերի, լուծարման և այլ լիազորությունների իրացման պարզեցման, գործնականում ՓԲԸ-ների գրանցման ժամկետների լրացուցիչ նվազեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել Կառավարության աշխատակազմ, գործարկել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ համակցված լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը և ընդլայնել առցանց եղանակով ծառայությունների մատուցման շրջանակը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից պետական մարմիններ, այդ թվում իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմումներ ներկայացնելիս էլեկտրոնային ստորագրության կիրառման գործիքակազմի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։

loading...