Շնորհավոր ծնունդդ հերոս. Այսօր առաջնագծում զոհված Զորիկ Գևորգյանի տարեդարձն է

Շնորհավոր ծնունդդ հերոս. Այսօր առաջնագծում զոհված Զորիկ Գևորգյանի տարեդարձն է

17:30 29 Հնվ, 2018

Զորիկ Գևորգյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 29-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Շուտով ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաք։ Զորիկի հայրը եղել է զինվորական։

1996 թվականին քրոջ՝ Անիի հետ (ծնվ․ 1990 թ․) հաճախել է Վանաձորի՝ Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 դպրոցը։ Սովորել են նույն դասարանում։

2004 թվականին ավարտելով ութերորդ դասարանը՝ քույր ու եղբայր տեղափոխվում են Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան։ Նույն տարում Զորիկը որոշում է ապագայում ընտրել զինվորականի մասնագիտությունը։

2006 թվականին, ավարտելով տասներորդ դասարանը, Զորիկն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ՝ սկզբում ընտրելով հետևակի, այնուհետև՝ 4-րդ կուրսում՝ հետախույզի մասնագիտացում։ 2010 թվականին լեյտենանտի կոչումով անցնելով ՀՀ ԶՈՒ շարքերը՝ ծառայության է անցնում ՊԲ զորամասերից մեկում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար։ 2013 թվականին բարեխիղճ ծառայության համար արժանանում է ավագ լեյտենանտի զինվորական կոչման և տեղափոխվում ՊԲ Մարտակերտի զորամաս՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար։ Կարճ ժամանակամիջոցում Զորիկը սիրվեց տեղացիների կողմից, իսկ վաշտը դարձավ զորամասի լավագույններից մեկը։

Մեր զորամաս Զորիկի գալուց հետո հետախուզությունում շատ բան փոխվեց։ Ինքը շատ էր սիրում մարզվել, հատկապես՝ դանակով ու զենքով, ու մարզել իր տղերքին։ Արդյունքը նկատելի էր ու զարմանալի․ շատ կարճ ժամանակում հետախուզությունը բարձրացրեց և՛ ֆիզիկական, և՛ մարտավարական ցուցանիշները։ Ինձ հայտնի չէ, որ մեկը բողոքեր Զորոյի գործից:

Նույն զորամասի ավագ հրաձիգ, շարքային Հրայր Ղամբարյան
Ռազմանուն
Ծառայության ընթացքում Զորիկին տրվել էր «Անորսալի միայնակ գայլ» ռազմանունը։ Պատճառն այն էր, որ Զորիկը հաճախ է մարտական առաջադրանքները կատարելիս միայնակ «որսի դուրս եկել», փնտրվել թշնամու կողմից և անգամ քանիցս դարանի մեջ ընկնելով՝ անվնաս հեռացել՝ կատարելով մարտական առաջադրանքը:

Վերջին մարտ

Օգոստոսի 1-ի գիշերը՝ 22:00-ի սահմաններում, զորամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը գնացել է հետախուզական վաշտի պաշտպանած դիրք ու նոր գիշերային նշանոց տրամադրել Զորիկին՝ հարցնելով, թե որն է ավելի լավը՝ հինը, թե նորը։ Փորձարկելով նշանոցը՝ հմուտ հետախույզը պատասխանել է՝ «70 մետրի վրա թշնամու շարժը տեսնում եմ, շատ լավն է»: Հրամանատարը հարցրել է՝ «Իսկ եթե թշնամին առջևդ դուրս գա՞»։ «Կսատկացնեմ», — իրեն բնորոշ կենսախնդությամբ պատասխանել է Զորիկը։ Խոսքից զատ Զորիկը նաև գործնական միջոցների էր դիմել՝ կանխավ իր ԱԿ-74 գիշերային նշանոցով զենքի պահունակը փոխարինելով ձեռքի գնդացրի 45 փամփշտանոց պահունակով։

Գիշերը՝ ժամը 02:10-ի սահմաններում, թշնամու դիվերսիոն խմբին հաջողվում է տեղորոշել հետախուզական վաշտի պահպանած դիրքը և առաջանալ այդ ուղղությամբ։ Թշնամու ուժեղացված խումբն առաջացել է երկու խմբով՝ գրոհող և ապահովող։ Այդքան բազմաքանակ խումբն իր հետ բերել էր նաև գծային կապի մալուխ և ձեռնաշղթաներ․ միով բանիվ՝ թշնամու նպատակը մաքսիմալ էր՝ ոչնչացնել կամ գերեվարել հայկական դիրքի անձնակազմին և գրավել դիրքը։ Սրանով Ադրբեջանը փորձում էր սրբել նախորդ գիշերը կրած խայտառակությունը, երբ հայկական հատուկ նշանակության խմբի կողմից ոչնչացվել էին միանգամից ութ ադրբեջանցի կոմբատանտ։

Գիշերային նշանոցով նկատելով թշնամու մոտ լինելը՝ Զորիկը հրամայում է արթնացնել հանգստացողներին, դիրքավորվել և պատրաստ լինել հակառակորդի հարձակմանը։ Գիտակցելով, որ երիտասարդ զինվորների համար բարդ է իսկույն մարտի մեջ մտնելը՝ Զորիկը գլխի շրջանում մահացու խոցում է փշալարը քանդել փորձող թշնամու մեկ գրոհայինի։ Թշնամին սկսում է կրակ տեղել Զորիկի կրակած ուղղությամբ։ Զորիկը շարունակում է կռիվը՝ հմտորեն փոխելով դիրքը և մեկական թիրախային կրակոցներ ուղղելով թշնամու ուղղությամբ։ Քաջարի սպան թշնամու կենդանի ուժի երկրորդ թիրախը խոցում է սրտի շրջանում։

Կռիվը բարդ էր նրանով, որ նախորդ դիվերսիայից հետո տվյալ դիրքում տակավին չէին իրականացվել ինժեներատեխնիկական անհրաժեշտ աշխատանքներ, և թշնամին կարողացել էր կիսաշրջանաձև թևանցել Զորիկի և իր հրամանատարության տակ եղած զինծառայողների պահպանած դիրքը հարևան երկու դիրքերից: Այնուամենայնիվ, անգամ նման պայմաններում Զորիկը կարողանում է շարունակել մարտը՝ անընդհատ փոխելով դիրքը և դիմահար կրակ տեղալով հակառակորդի ուղղությամբ։ Հավաստանշելով Զորիկի տեղը՝ թշնամին խոցում է հայ սպային ոտքից, քիչ անց՝ նաև կողքից։
Ծնկած դիրքում վերստին փոխելով տեղը և նկատելով թշնամու առաջացող խմբին՝ Զորիկը, թունդ հայհոյանք տեղալով, նռնակ է նետում վերջիններիս ուղղությամբ։ Թշնամին, խուճապի մատնվելով, աստիճանաբար սկսում է նահանջել՝ մարտադաշտից հանելով նաև վիրավորներին[4]։ Ընդհանուր առմամբ Զորիկի զենքից այդ գիշեր թշնամու ուղղությամբ արձակվեց 29 կրակոց։

Զննադիտարկելով հայկական դիրքից տեղացող կրակների ուղղությունն ու օրինաչափությունը՝ թշնամու դիպուկահարը հարևան դիրքից գլխի շրջանում մահացու վիրավորում է հասցնում Զորիկ Գևորգյանին։
Նահանջող թշնամին ՌՊԳ-26 միանգամյա օգտագործման հակատանկային նռնականետով խոցում է հայկական դիրքը․ բռնկված կրակը հրո ճարակ է դարձնում հայկական վրանները, այդ թվում՝ զինանոցը։ Ընդհանուր առմամբ ամբողջ մարտը տևեց 15 րոպե:

loading...