«Հաճելի է եղել ձեզ հետ աշխատել». Արա Բաբլոյանը հյուրընկալել է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին (լուսանկարներ)

«Հաճելի է եղել ձեզ հետ աշխատել». Արա Բաբլոյանը հյուրընկալել է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին (լուսանկարներ)

16:20 13 Հնվ, 2018

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտի պատասխանատուների: Տոնական ընդունելության մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հադես է եկել ելույթով: Դիմելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ազգային ժողովի աշխատակազմի, ԱԺ խորհրդի անդամների եւ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ: Ցանկանում եմ, որ 2018 թվականը ձեր եւ ձեր հարազատների համար լինի առողջության, խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի: Ես միշտ էլ բարձր եմ գնահատել լրագրողների աշխատանքը, անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ: Կարծում եմ, որ մարդկանց միջեւ փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից: Անկեղծորեն ասեմ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես Ազգային ժողովի նախագահ՝ հաճելի է եղել ձեզ հետ աշխատել եւ նույնիսկ ուսանելի: Ձեր արհեստավարժությունն ու անաչառությունը մեծ ազդեցություն ունեն մեզ շրջապատող իրականության օբյեկտիվ եւ ամբողջական ընկալման հարցում: Բոլորիդ մաղթում եմ, որ ձեզ մշտապես ուղղորդեն ճշմարտությունը, սերը եւ լավատեսությունը»:

Շնորհավորական իր խոսքում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը լրատվամիջոցների ներկայացուցչներին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ բեղմնավոր աշխատանք:

Անդրադառնալով խորհրդարանական իրադարձությունների լուսաբանմանը՝ Արա Սաղաթելյանը ներկայացրել է այն նախաձեռնությունները, որոնց իրականացմամբ աշխատակազմն առավել բարենպաստ միջավայր կապահովվի օրենսդիր մարմնում լրագրողների արդյունավետ գործունեության համար: Կարդիականացվեն տեխնիկական համակարգերը, միջազգային գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան համագործակցելու եւ փորձի փոխանակում իրականացնելու արտերկրի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի մասնագետների հետ: Արա Սաղաթելյանը հավաստիացրել է, որ աշխատակազմի կողմից ամեն ինչ արվելու է նոր դերակատարություն ստանձնած խորհրդարանի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար:

Խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝ տոնական ընդունելությանը պարգեւատրվել են մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ազգային ժողովի գործունեությունն օբյեկտիվ լուսաբանելու համար ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը, «Այսօր էյ էմ» լրատվական կայքի լրագրող Վարդուհի Ստեփանյանը, Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Նազելի Էլբակյանը, Asekose.am լրատվական կայքի լրագրող Արման Խարազանյանը:

ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով, պարգեւատրվել են «Հայմեդիա» լրատվական կայքի լրագրող Սեւակ Վարդումյանը, Vesti.am լրատվական կայքի լրագրող Դուսյա Ղազարյանը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության Հայաստանում թղթակից Հովհաննես Քոսյանը, NEWS.amլրատվական վերլուծական գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող Անի Մշեցյանը, Factor.am տեղեկատվական կենտրոնի լրագրող Շողիկ Գալստյանը:

loading...