Հայաստանում կան Մխիթարյանից ավելի տաղանդավոր 10-ից ավելի ֆուտբոլիստներ. Ռուբեն Հայրապետյան

Հայաստանում կան Մխիթարյանից ավելի տաղանդավոր 10-ից ավելի ֆուտբոլիստներ. Ռուբեն Հայրապետյան

18:30 12 Հնվ, 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունվարի 12-ին կայացած ասուլիսում կարծիք է հայտնել, որ Հայաստանում կան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ: ՀՖՖ-ի նախագահին հարցրել են, թե ինչու չի սահմանում Հայաստանի առաջնությունում հանդես եկող տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ՝ հաշվի առնելով, որ Հենրիխ Մխիթարյանը մրցակցությունից դուրս է վերջին տարիներին:

«Մենք ունենք լավագույն հայ ֆուտբոլիստի մրցանակ: Մեկն էլ մի օր կարող է ասել՝ լավագույն պաշտպան, լավագույն կիսապաշտպան կամ լավագույն հարձակվող: Թող մյուս ֆուտբոլիստները երազեն և Մխիթարյանից առաջ անցնեն: Ամբողջ ինտրիգը պետք է դա լինի, որ մեկը փորձի Մխիթարյանից առաջ անցնել: Ես տեսնում եմ, որ պոտենցիալ կա, ֆուտբոլիստներ կան, թող գնան և դառնան: Պետք է դառնան Մխիթարյանի պես աշխատասեր ֆուտբոլիստներ: Կաշխատե՞ն Մխիթարյանի պես, կնվիրվեն ֆուտբոլին Հենրիխի պես, կլինեն նրա պես կարգապահ, նրանք էլ կդառնան Մխիթարյան և ավելի»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հարցին, թե ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլում տեսնում է այնպիսի խաղացողներ, որոնք նոր Մխիթարյաններ դառնալու հեռանկարներ ունեն, Հայրապետյանը պատասխանել է.

«Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում: Հաստատ տեսնում 10-ից ավելի այդպիսի խաղացողներ, բայց արդյոք նրանցից մեկը կդառնա Մխիթարյանի նման: Շատ կարևոր է լինել նրա պես աշխատասեր, պրոֆեսիոնալ ու կարգապահ և, ամենակարևորը, սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման: Եթե այդ 4 բաները կունենան այդ խաղացողները, որոնց ես տեսնում եմ, կդառնան Մխիթարյանից ավելի ուժեղ ֆուտբոլիստներ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

loading...