Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

18:00 12 Հնվ, 2018

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Օրենսդիր իշխանության հարգելի՛ գործընկերներ,

Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեև ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձևաչափով: Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում և բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա:
Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:

Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին:
Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարևոր: Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում:

Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:

Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են:

Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը:

Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել:
Հուսով եմ, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:

Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը: Ապագայում Հանրապետության Նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ:

Ազգային ժողովի աշխատակազմը նաև պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլև գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում:

Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:
Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:
Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում:

Այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, և մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլև Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության և մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ: Վստահ եմ, որ այս հանգամանքի գիտակցումը ուղեկցելու է մեզ գալիք ամիսների ընթացքում:

Շնորհակալ եմ ուշադրության համար, այժմ անցնենք քննարկումներին:

 

loading...